‘ՀՀ կառավարությունը տնտեսագիտության մեջ նոր տերմին է սահմանել’

1754

Այսօր կայացած կառավարության նիստից հետո կարելի է փաստել, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներմուծման քվոտա է սահմանվել: «ՀՀ տարածք սպիտակ շաքարի ներմուծումը կանոնակարգելու մասին» անունը կրող որոշման միայն անունը տարակուսանք է հարուցում, քանի որ խոսքը սննդամթերքի մասին է, այլ ոչ թե ռազմատեխնիկայի կամ ռադիոակատիվ նյութերի:

Իսկ ինչո՞ւ կառավարությունը որոշեց կանոնակարգել շաքարի ներմուծումը: Քանի որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո շաքարի ներմուծման գործող 10% մաքսատուրքով կարելի է Հայաստան ներմուծել տարեկան 4 հազար տոննայից ոչ ավելի սպիտակ շաքար: Այս քանակից հետո գործելու է մոտ 80% մաքսատուրք:

Եվ որպեսզի խառնաշփոթ չառաջանա, գործադիրը ինքն է որոշել, թե որ ընկերությունը ինչքան շաքար կարող է ներկրել:

Ինչպես գիտենք, Հայաստան շաքարավազ ներմուծելու մենաշնորհը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, և իշխանությունները նրա մենաշնորհը պահպանելու համար ԵՏՄ-ին անդամակցելու բանակցությունների ընթացքում կարողացել են պայմանավորվել, որ շաքարի հումքի ներկրման համար ոչ մի սահմանափակում չի գործելու, և ուժի մեջ է մնալու ներկայիս գործող զրոյական մաքսատուրքը: Իսկ քանի որ Հայաստանում միակ շաքարի գործարանը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, նա շաքարի մենաշնորհի հետ կապված՝ ոչ մի խնդիր չի ունենա:

Սակայն խնդիրների առաջ են կանգնել շաքար սպառող այն մի քանի խոշոր ընկերությունները, որոնք չեն ցանկանում շաքար գնել Ալեքսանյանից: Այդ ընկերությունների թվում են՝ Coca Cola և Pepsi Cola-ն, ինչպես նաև Գրանդ Քենդին: Հաշվի առնելով, որ այս ընկերություններին ՀՀ կառավարությունը չէր կարող «նեղել»՝ հատուկ նրանց համար գործադիրը գնացել է այս պատմական քայլին:

Հավելենք նաև, որ կառավարության որոշման մեջ այս ընկերությունների համար սահմանվել է տնտեսագիտության մեջ չլսված՝ «պատմական ներկրող» անվանումը: 

Նախորդ հոդվածը‘Ռամոսը մերժել է «Ռեալի» առաջին առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբն է’