‘ՀՀ ԿԲ. Բանկերի հաճախորդները մտահոգվելու կարիք չունեն’

1265

Կենտրոնական բանկը իր կայքում հաղորդագրություն է հրապարակել առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ.

Վերջին շրջանում, ընդհանրական դատողություններ անելով ու ամբողջական տեղեկատվությանը չտիրապետելու արդյունքում, տարբեր մեկնաբանություններ են հնչում ՀՀ կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման որոշման վերաբերյալ: Իսկ որոշ դեպքերում իրավիճակը շահարկվում է միտումնավոր` զանազան ֆինանսական տերմիններով համեմված «մեկնաբանություններով» փորձելով անհարկի անհանգստություն հաղորդել քաղաքացիներին: Հատկապես անթույլատրելի է բանկերի անունների շահարկումը` այդ բանկերին թվացյալ պաշտպանելու նպատակով:

Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման նպատակն է երկարաժամկետ հատվածում Հայաստանի բանկային համակարգի հուսալիության պահպանումը, երկարաժամկետ հատվածում կայունության երաշխիքների ապահովումը և ֆինանսական միջնորդության խորացումը: Այն ուղղված չէ որևէ բանկի փակմանը կամ բանկերի քանակի նվազեցմանը:

Որոշումը ՀՀ կենտրոնական բանկի երկարաժամկետ քաղաքականության շարունակականությունն է, և արդեն 2 տարի շարունակ այս հարցը պարբերաբար քննարկվել է առևտրային բանկերի սեփականատերերի և ղեկավարների հետ: Վերջիններս պատրաստակամություն են ցուցաբերել և արդեն սկսել են աշխատանքներն այս ուղղությամբ:

Կենտրոնական բանկը գործող բոլոր 21 բանկերի հետ կապված որևէ մտահոգություն չունի: Հայաստանի բանկային համակարգը կայուն է և համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, ուստի բանկերի հաճախորդները մտահոգվելու կարիք չունեն և, բացի իրենց բանկային ծառայությունների բարելավումից՝ այլ բան չպետք է ակնկալեն:

Նախորդ հոդվածը‘Բանկերի միջոցով կատարված դրամական փոխանցումները հունվարին կտրուկ նվազել են’
Հաջորդ հոդվածը‘Բոտուլիզմի դեպք` Լոռու և Արարատի մարզում ‘