‘ՀՀ-ն այսուհետ նավթամթերք կներկրի բացառապես Ռուսաստանից, կամ իրաքյան վառելիքն անորակ է’

1360

Ինչպես արդեն հաղորդել էինք, հունվարի 11-ից դիզվառելիքով բեռնված 23 մեքենա, որոնք գալիս էին Իրաքից, կանգնած են Մեղրիի մաքսակետում, սակայն, այդպես էլ Հայաստան չեն կարողանում մուտք գործել: Բանն այն է, որ մաքսային անցակետում չեն մաքսազերծում բեռը` վարորդների հետ զրույցում նշելով, որ չնայած իրավական առումով ամեն ինչ նորմալ է, սակայն իրենք չեն կարող մաքսազերծումն իրականացրել` մինչեւ ներքին հրահանգ չունենան ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանից, իսկ վերջինս էլ այդ համաձայնությունը պետք է ստանա անձամբ Սերժ Սարգսյանից:

«ՀԺ»-ի ունեցած տեղեկությունների համաձայն էլ` ծագած խնդիրը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ծիրում է գտնվում։ Ըստ այդ տեղեկությունների` ՀՀ և ՌԴ իշխանությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն, որ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանը բենզինն ու դիզվառելիքը ներկրելու է բացառապես Ռուսաստանից։ Ու չնայած Հայաստանը պաշտոնապես դեռ Մաքսային միության անդամ չէ, Ռուսաստանից ներկրվող բենզինի ու դիզվառելիքի մաքսազերծումը կիրականացվի ՄՄ-ի չափանիշներով։

ՌԴ սահմանապահ զորքերի iLur.am-ի հավաստի աղբյուրի պնդմամբ էլ՝ խոսքն այն մասին է, որ ՀՀ-ն պարտավորվել է նավթամթերքը ներկրել միայն Ռուսաստանից: Մեր աղբյուրը նշեց, որ դիզվառելիքով բեռնված շարասյունը հատել է ՀՀ պետական սահմանը և գտնվում է մաքսատան տարածքում:

Քիչ առաջ iLur.am-ը ստացավ ՊԵԿ-ի պարզաբանումը, որտեղ, ըստ էության, հաստատվում է, որ դիզվառելիքը չի մաքսազերծվում՝ ՀՀ ստանձնած պարտավորությունների պատճառով:

«Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ սահմանին դիզվառելիքի նշված խմբաքանակի մուտքի արգելքը մաքսային ընթացակարգերի հետ առնչություն չունի, մաքսային մարմինների կողմից որևէ խոչընդոտ չի հարուցվել, և, հետևաբար, կողմնակալ կամ սուբյեկտիվ մոտեցման մասին հետևություններն իրականությանը չեն համապատասխանում: Խնդիրը նշված խմբաքանակի որակի մեջ է, որի նկատմամբ հսկողությունն, ինչպես հայտնի է, մաքսային ծառայության գործառույթների տիրույթից դուրս է գտնվում: Մաքսային ծառայությունը համագործակցում է համապատասխան կառույցի հետ` հետևողականություն դրսևորելով ինչպես նշված խմբաքանակի, այնպես էլ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների որակի չափանիշների պահպանման հարցում: Այդ կերպ ծառայությունը կատարում է իր անմիջական պարտականությունը, որը հստակ սահմանված է Մաքսային Օրենսգրքի 9-րդ հոդվածում` սպառողների շահերի պաշտպանության նպատակով աջակցում է ներմուծվող ապրանքների որակի ապահովմանը նպատակաուղղված միջոցառումներին»,-ասված է ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ստացած պարզաբանման մեջ:

Ինչպես տեսնում ենք, «խնդիրը նշված խմբաքանակի որակի մեջ է», այսինքն՝ չի համապատասխանում բենզինի ու դիզվառելիքի մաքսազերծման ՄՄ-ի չափանիշներին, և այս խնդրի լուծման հեռանկարները մնում են խիստ անորոշ:

Նախորդ հոդվածը‘Գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին քննարկումը կշարունակեն վաղը’
Հաջորդ հոդվածը‘Բաքվի ԿԽՄԿ-ն այսօր Մամիկոն Խոջոյանին նամակ է փոխանցել’