‘ՀՀ-ն եվրաբոնդերի իրացման շնորհիվ առաջիկա օրերին կմարի ռուսական $500 միլիոնի վարկը’

952

Կառավարությունն առաջիկա օրերին ամբողջությամբ կմարի 2009-ին վերցված ռուսական 500 մլն դոլար վարկը: Կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրած ասուլիսում ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ միջազգային շուկայում Հայաստանի թողարկած պետական պարտատոմսերի տեղաբաշխումից առաջացած ամբողջ գումարը այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ արդեն փոխանցվել է կառավարության հաշվեհամարին, եւ առաջիկա օրերին այդ գումարով կառավարությունը միանգամից և ամբողջությամբ կմարի 500 մլն դոլար ռուսական վարկը:

Սարգսյանը տեղեկացրեց, որ եվրաբոնդերի իրացումից առաջացած գումարի մի մասը Կառավարությունը կուղղի նաև փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

Հարցին, թե ինչու՞ է Հայաստանը որոշել ժամկետից շուտ մարել ռուսական վարկը, նախարարը պատասխանել է, որ Հայաստանի թողարկած պարտատոմսը փոքր-ինչ ավելի ձեռնտու է, քան ռուսական վարկը: Վերջինս, նրա խոսքով, տրվել է լողացող տոկոսադրույքով, մինչդեռ եվրաբոնդերի տոկոսադրույքը ֆիքսված է:

«Սեպտեմբերի 3-ը (Մաքսային միություն մտնելու մասին Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը-խմբ.) չի ազդել պարտատոմսերից գոյացած գումարների ծախսման՝ մեր որոշման  վրա»,- ընդգծել է Դավիթ Սարգսյանը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանը որոշել էր եվրապարտատոմսեր թողարկել, որովհետեւ, նախ՝ միջազգային չափանիշներով Հայաստանն արդեն աղքատ չէ և տեղափոխվել է միջին եկամուտ ունեցող երկրների խումբ: Հետեւաբար,  միջազգային  կառույցներն այլեւս ավելի քիչ են արտոնյալ պայմաններով վարկ հատկացնելու:

 

«Երկրորդ, մասնավոր հատվածը կարիք ունի ֆինասավորման և բիզնեսի զարգացման: Այսօր, եթե պետությունն այդ շուկայում միջոցներ չի ներգրավում, ապա մասնավորը կամ չի կարողանում ընդհանրապես ներգրավել միջոցներ, կամ եթե ներգրավում է՝ չափազանց վատ պայմաններով, բարձր տոկոսներով է դա լինում», — նշեց ֆիննախարարը:

Պարտատոմսեր թողարկելու երրորդ շարժառիթը, նրա խոսքով, երկրի ֆինանսավորման դիվերսիֆիկացումն է:

«Եթե Հայաստանը մինչ այս կախված էր միջազգային կառույցներից կամ մի քանի խոշոր երկրներից, ապա այս քայլով դիվերսիֆիկացվում են մեր ֆինանսական միջոցները, քանի որ մասնավոր հատվածը մասնակցում է գործընթացին», — նշել է նախարարը:

Նախորդ հոդվածը‘«Սերժ Սարգսյանի համար ի սկզբանե հասկանալի էր, որ հարցը պիտի լուծվի փոխզիջումով»’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը կրճատում է ծախսերը’