‘ՀՀ Ոստիկանությունն առաջարկում է տուգանել միասեռականությունը քարոզողներին’

1963

Ոստիկանությունը Ազգային ժողովին կներկայացնի օրենքի նախագիծ, համաձայն որի՝ ՀՀ տարածքում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչություն իրականացնողները կպատժվեն մինչեւ 50-350 հազար դրամով:

Ոստիկանության հեղինակած՝ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար առավել ծանր պատիժ է նախատեսում պաշտոնատար եւ իրավաբանական անձանց համար, հատկապես, եթե այդ քարոզչությունն իրականացվում է զանգվածային լրատվության միջոցներով:

Որպես օրինագծի հիմնավորում, դրա հեղինակները մեջբերել են Սահմանադրության 35. հոդվածը, համաձայն որի, ` ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է:
«Ինտեգրվելով եվրոպական արժեքներին` մենք, կամա թե ակամա, դարձանք ոչ միայն ժողովրդավարության համամարդկային արժեքների կրողը, այլև միաժամանակ ընդունեցինք հայ ազգային մտածողությանը խորթ երևույթներ: Դրանցից մեկը ոչ ավանդական սեռական հարաբերություններն են, որոնք շատ ժամանակ խրախուսվում են հասարակության կողմից` առանց գիտակցելու տվյալ երևույթի արատավոր և կործանարար ազդեցությունը հայ ընտանիքի կազմավորման, ապագա սերունդների հոգեկերտվածքի ձևավորման, դաստիարակության և այլ հարցերում: Այս երևույթն առավել վտանգավոր է դառնում այն բոլոր դեպքերում, երբ ոչ միայն խրախուսվում է, այլև` քարոզվում: … Այնինչ, բացասական երևույթների նմանօրինակ եղանակներով հրապարակայնացումն ու քարոզչությունը չեն կարող խրախուսվել մի պետության կողմից, որը դարերն ի վեր գոյատևել է ավանդական արժեքների, կայուն ընտանիքի պահպանման շնորհիվ», — նշվում է օրինագծի հիմնավորման մեջ:

Նշենք, որ ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգում ներառված է նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության նախաձեռնած  «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագիծը, որը մտահոգության առիթ է դարձել հանրության որոշակի շրջաններում: Մասնավորապես, Եկեղեցու եւ մի շարք կազմակերպությունների համար տարակուսանքի տեղիք է տվել այն, որ օրինագծում սեռը սահմանվել է որպես «ձեռքբերովի վարք»:

Նախորդ հոդվածը‘«Բարև, Երևան» խմբակցությունը դատարան է ներկայացրել իր հայցադիմումն ընդդեմ Տարոն Մարգարյանի’
Հաջորդ հոդվածը‘Parking City Service-ն իրեն հանրային ծառայություններ մատուցող ընկերություն չի համարում’