‘ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է խորհրդարան ‘

1415

Նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենին:
Ողջունելով հյուրերին՝ Հերմինե Նաղդալյանը բարձր գնահատեց Հայաստանի նկատմամբ ԱՄՆ բարյացակամ վերաբերմունքը եւ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը: Նա կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը եւ փոխայցելությունները, ինչը, ըստ ԱԺ փոխնախագահի, Հայաստանի համար փորձի փոխանակման տեսանկյունից շատ կարեւոր է: 

Հերմինե Նաղդալյանը շնորհավորեց դեսպանին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերընտրման առթիվ: 

Ջոն Հեֆերնը նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու համագործակցության աշխուժացումը: Նրա խնդրանքով Հերմինե Նաղդալյանն անդրադարձավ միջկուսակցական հարաբերություններին, խորհրդարանական այն գործընթացներին, որոնք նպատակ ունեն ուժեղացնելու ԱԺ վերահսկողական գործառույթները: Հարցի հետ կապված՝ անդրադարձ կատարվեց օրերս ընդունված Վերահսկիչ պալատի՝ հաջորդ տարվա ծրագրին եւ դրանում ներառված առաջարկներին: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում խորհրդարանական անցած ընտրություններին, առաջիկա նախագահական ընտրություններին, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը վերաբերող առաջարկներին եւ նախատեսվող աշխատանքներին: Երկուստեք կարեւորվեց արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների անցկացումը: 

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հավաստիացրեց, որ երկրի քաղաքական ղեկավարությունը հաստատակամ է՝ անցկացնելու արդար եւ թափանցիկ նախագահական ընտրություններ, հաղորդում է emedia.am-ը:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկեց աշնանային զորակոչը’
Հաջորդ հոդվածը‘Անդրեյ Շեւչենկոն հրաժարվեց գլխավորել Ուկրաինայի հավաքականը’