‘ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան. Ամերիկյան ներդրողներին երաշխիքներ են անհրաժեշտ անկախ դատական համակարգի ոլորտում’

1006

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ամեն օր առավոտյան հայերեն է պարապում և օրեցօր կատարելագործում իր հայերենի իմացությունը: Այսօր լրագրողների հետ ասուլիսը սկսելիս նա խոստովանեց նաև, որ ԱՄՆ այցի ամենալավ նորությունը իր առաջին թոռան ծնունդն է եղել, ում լուսանկարը ցույց տվեց լրագրողներիս:  

Դեկտեմբերի սկզբի երկու շաբաթները ԱՄՆ դեսպանը եղել է Միացյալ Նահանգներում և հանդիպել հայկական սփյուռքի տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ` Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Բոստոնում և Նյու Յորքում: «Ես կարևորում եմ այն հանգամանքը, որ ամերիկահայ սփյուռքը տեղյակ լինի, թե ինչով է այստեղ զբաղվում Միացյալ Նահանգների դեսպանատունը,- ասում է դեսպան Հեֆերնը և մանրամասնում,-մենք փորձում ենք այստեղ` դեսպանատանը, անել այնպես, որ Հայաստանը ունենա հաջողություններ որպես ժողովրդավարական, բարեկեցիկ և անվտանգ պետություն»:

Դեսպանը հանդիպել է կանանց, երիտասարդների, գործարարների հետ, մասնակցել ընդհանուր ժողովների: Բոլոր հանդիպումներում տարածաշրջանային խնդիրներն են առաջ քաշվել` կապված Թուրքիայի, պատմության, Լեռնային Ղարաբաղի և այլ հարցերի հետ: Մեծ է եղել ԱՄՆ-ում ապրող հայերի հետաքրքրությունը Սիրիայի դեպքերի նկատմամբ:

Երկրորդ թեման, որ շոշափվել է գրեթե բոլոր հանդիպումներում, այսօրվա Հայաստանն է: «Ինձ համար գոհացուցիչ էր լսել այդ ամենի մասին, ինձ համար ուրախալի էր տեսնել, որ ամերիկահայերը հետաքրքրված են Հայաստանի ժողովրդի բարեկեցությամբ և թե ինչպես է զարգանում Հայաստանի Հանրապետությունը»,- նշում է Ջ. Հոֆերնը և հավելում, որ յուրաքանչյուր հանդիպմանը հնչել է նույն հարցը` ինչպե\”ս կարող ենք մենք օգնել ՀՀ-ին:

Ամերիկյան առավել հայտնի կառույցների հետ հանդիպումներին, ասենք, Բարեգործական ընդհանուր միության, նաև կրթական հարցեր են քննարկվել: Նյու Յորքի Դավիդյան հիմնադրամը ՀՀ շուրջ 200 պաշտոնյաների է ֆինանսավորում Ֆլեթչերի հայտնի դպրոցում ուսանելու համար: Կարնեգի կորպորացիան նույնպես հետաքրքրված է Հայաստանում կրթական ոլորտով, այս ուղղությամբ դեսպանը մտադիր է աշխատել:

Ջ. Հեֆերնը ԱՄՆ-ում կայացած իր հանդիպումների ժամանակ շատ է խոսել տնտեսական ոլորտի մասին: «ԱրմԹեքի» համաժողովում տեսածը հուսադրող է եղել դեսպանի համար: ՏՏ ոլորտում ամերիկյան ընկերությունների ներդրումները Հայաստանում հիմնական տեղն են զբաղեցնում և հաջողված են: «Ամերիկյան ներդրումները, թեպետ ներդրումների ծավալով առաջինը չեն, բայց ամենաորակյալ ներդրումներ են, և բարձրորակ ներդրումները կարող են օգնել, որպեսզի Հայաստանը վերափոխվի և դառնա 21-րդ դարին հարիր գիտելիքահեն տնտեսությամբ երկիր»,- կարծում է Ջոն Հեֆերնը: Բայց վերջինս չի ժխտում, որ կա պատմության նաև ոչ դրական կողմը: «Գործարար միջավայրի հետ կապված դեռևս կան լուրջ խնդիրներ, որոնք լուծման կաիրք ունեն, և մենք այդ հարցերի շուրջ աշխատում ենք ՀՀ կառավարության հետ, պետք է ավելի մեծ մրցակցություն լինի Հայաստանի տնտեսության մեջ, որպեսզի հնարավորություն լինի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումն և ծաղկումն ապրելու համար, և առավոտյան վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես վերստին լսեցի հավաստիացումներ, որ կառավարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում: Երկրորդ` անհրաժեշտ է, որպեսզի լինի ավելի մեծ թափանցիկություն հարկային և մաքսային վարչարարական ոլորտում»,- նշեց դեսպանը:

Դեսպանն ավելացնում է, որ ամերիկյան ներդրողներին երաշխիքներ են անհրաժեշտ անկախ դատական համակարգի ոլորտում, որոնք իրենց կամ իրենց գործընկերների գործերով անկախ որոշումներ կկայացնեն:

«Միացյալ Նահանգների ներդրումները ես այստեղ գնահատում եմ լավ, բայց դա կարող է ավելի լավ լինել, կարող է ավելի խորը և ավելի ծավալուն լինել, և խնդիրները որոնք ես նշեցի, դրանց ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատել»,- հավելեց դեսպանը:

Նա նաև պատասխանեց «Հետքի» որոշ հարցերին.

Պրն դեսպան, Դուք Հայաստանը ապահով երկիր համարո՞ւմ  եք, և Ձեր հանդիպումներին խրախուսե\”լ եք սփյուռքահայերին ներդրումներ կատարել Հայաստանում կամ երաշխավորել:

Երկրորդ հարցին ես ավելի հեշտ կպատասխանեմ. ոչ, սա իմ երկիրը չէ, սա Ձեր երկիրն է, ես ոչինչ չեմ կարող երաշխավորել: Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, ես ներկայացրել եմ պատկերի հավասարակշիռ դրվագները. ամերիկյան ներդրողների հետ կապված մենք ունենք հաջողված պատմություններ, այստեղ գործում են բազմաթիվ ամերիկյան ընկերություններ, ամերիկյան առևտրային պալատն այստեղ ունի բազմաթիվ անդամներ տարբեր ոլորտներում, որոնք հաջող գործունեություն են իրականացնում Հայաստանում: Եվ ՏՏ, ճարտարագիտական ոլորտները նույնպես լավ ցուցանիշներ ունեն այստեղ: Վերջրես «INTEL» ընկերությունն ստորագրեց փոխըմբռնման հուշագիր, և շուտով իրենց ներկայացուցությունը կլինի Հայաստանում` Synopsys, Microsoft, National Instrument և այլ հայտնի ընկերությունների հետ մեկտեղ»:

Կան առանձին դեպքեր, որոնց հետևանքով սփյուռքում հնարավոր ներդրողների շրջանում կա բավականին զգուշավորություն, և այդ մասին ես անկեղծորեն անդրադարձ եմ կատարել նաև ՀՀ դեսպանի, վարչապետի հետ հանդիպումների ժամանակ: Այո, խնդիրներ կան, և այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն:

Որքա\”ն են կազմել ամերիկյան ներդրումները 2012-ին:

Հստակ վիճակագրության չեմ տիրապետում այս պահին, բայց 2011-ին ամերիկյան ներդրումները Հայաստանում կազմել են շուրջ 40 մլն դոլար, 2012-ին դրանք ավելի նվազ են եղել: 2013-ին 1-2 խոշոր ներդրում կլինի, և կարծում եմ, որ կկարողանանք ընդհանուր առմամբ ամերիկյան ներդրումները բարելավել: 

Դուք հայտարարել եք, որ հետևում եք սփյուռքահայ ներդրող Է.Խուդյանի գործին, ինչպե՞ս եք հետևում, և ի՞նչ կարող է անել դեսպանը նման դեպքերում:

Մեր նպատակը համակարգային փոփոխություններն են` անկախ նրանից, թե ներդրողը Միացյալ Նահանգներից է, եվրոպական երկրից, թե Ռուսաստանից: Անհրաժեշտ է, որպեսզի բոլորը նույն խաղի կանոններով առաջնորդվեն, հավասար պայմաններ լինեն բոլորի համար: Մամուլում եղել են որոշ հրապարակումներ, որոնք մեր ուշադրությանն են արժանացել: Կրկին նշում եմ, որ մեր նպատակը համակարգային փոփոխություններն են, և մեր երկխոսությունը կառավարության հետ համակարգային փոփոխություններին է վերաբերում: 

hetq.am

Նախորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյան. Մենք հասկացանք, որ ահագին տարբեր են Սերժ Սարգսյանները’
Հաջորդ հոդվածը‘Օդավանակայանում ձերբակալված հոգևորականի ստամոքսում թմրամիջոցների 13 փաթեթ է հայտնաբերվել’