‘ՀՀ ՊՆ-ն պնդում է, որ պարտք չէ ՄՀՀ-ին 60 մլն դրամ’

1110

 «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի ներկայացուցիչը 31.07.2014թ. հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, թե ՀՀ պաշտպանության նախարարությունը «վերջին շրջանում միջոցառումներ է անցկացրել համալիրում և մինչ օրս չի վճարել այդ միջոցառումների արդյունքում համալիրին հատկացվելիք 60 միլիոն դրամ պարտքը»: Այս հայտարարության կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է.

«1. Նշված 60 միլիոն դրամ գումարը ուռճացված թիվ է, որը կամայականորեն հաշվարկվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կողմից` ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման համար:

2. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված/ամրացված/ գույքի/տարածքի/ վարձակալության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 22.02.2001թ. թիվ 125 որոշմամբ սահմանված կարգը, մեկ օրվա համար վարձավճարը հաշվարկվել է 1.713.508 ՀՀ դրամ:

3. Վարձակալության համար ՀՀ պաշտպանության նախարարությունը «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին վճարել է 29.951.561 ՀՀ դրամ` ներառյալ ծախսված և համատեղ հանձնաժողովի կողմից արձանագրված էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրի չափաքանակները:

4. Համաձայն 2005թ. սեպտեմբերի 30-ի թիվ 319/1-0 պայմանագրի 5.57 կետի` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն պարտավորվել է ՄՀՀ-ի վերանորոգումից հետո` 10 տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության հայտով ապահովել համապատասխան նշանակության մինչև 5 միջոցառումների, բայց ոչ ավել, քան 12 օր տևողությամբ, անվճար կազմակերպումը: Ուստիև գտնում ենք, որ, հակառակ ՄՀՀ ներկայացուցիչների պնդումների, ՀՀ պաշտպանության նախարարությունը ընկերության կրած նյութական որևէ կորուստների համար պատասխանատվություն չի կրում»,- ասվում է նախարարության` ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրի գույքը գրավադրված է և առաջին անգամ աճուրդի հանվեց 19.350 մլրդ դրամ մեկնարկային գնով, մայիսի 29-ին: Սակարկություններն անցան անարդյունք: Այնուհետև, հետագա յուրաքանչյուր սակարկություններում, մեկնարկային գինը նվազեցվում է 10%: Իսկ ավելի վաղ ԴԱՀԿ հաղորդել էր, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրը պետությանը պարտք է 10.2 մլրդ դրամ` բյուջետային վարկի դիմաց:

Համալիրը կառուցվել է 1983 թվականին, որի ընդհանուր մակերեսը կազմում է 46335.7 քմ, առանց մերձակա տարածքների: 1985-ին համալիրը տուժեց ուժեղ հրդեհից, իսկ անուհետև կրկին վերաբացվեց 1987 թվականին: Համալիրի վերակառուցումն իրականացրել է սեփականատերը` ռուսաստանյան «ԲԱՄՕ» շինարարրական ընկերությունը: 

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Արդեօ՞ք Ամերիկեան Գնացքին Յաջորդ Կայարանը Թեհրան է’
Հաջորդ հոդվածը‘«Ոչ թալանին». Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երթ է տեղի ունեցել (ֆոտո)’