‘ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին’

696

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Յալթայում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որում ընդգրկված էին ավելի քան երկու տասնյակ հարցեր:

Կառավարության ղեկավարներն ընդունել են ԱՊՀ երկրների շրջանակներում տեղեկատվական հասարակության ստեղծման և զարգացման համար մինչև 2015 թվականը գործողությունների ծրագիրը: Նիստում անդրադարձ է եղել կապի բնագավառում ԱՊՀ երկրների հետ հնարավոր համագործակցության հեռանկարներին:

Ընդունվել է նաև 2012-2014 թվականների համար ԱՊՀ անդամ-երկրների ինովացիոն համագործակցության միջոցառումների համալիր ծրագիր:

Նեղ շրջանակում հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարները հավանություն են տվել Ուզբեկստանի միացմանն Ազատ առևտրի պայմանագրին, որի գործընթացը նախատեսվում է ավարտել մինջև տարեվերջ: Ստորագրվել է համատեղ հայտարարություն այն մասին, որ հինգ երկրներ, այդ թվում Հայաստանը, վավերացրել են ազատ առևտրի գոտու պայմանագիրը:

Վարչապետը մասնակցել է նաև «Յալթայի գործարար հանդիպումներ» բիզնես-ֆորումի շրջանակներում «Ներդրումային նոր հնարավորություններ և ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցություն» թեմայով համաժողովին, հայտնում է կառավարության պաշտոնական կայքը:

Որոշվել է նաև, որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2013թ. մայիսին Մինսկում: Այս մասին հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևը:

Նախորդ հոդվածը‘Նորվեգացի ահաբեկիչը պահանջներ է ներկայացնում’
Հաջորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. Ամեն ինչ կանենք, որ բանակում զոհված զինծառայողների հարցով հանձնաժողով ստեղծվի ‘