‘ՀՀ քաղաքացու նամակը ԱՄՆ դեսպանին. Հայաստանի ժողովուրդը ինքն է որոշում իր երկրում ինչն է լավ և ինչն է վատ’

3877

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել է, թե կենսաթոշակային բարեփոխումները անհրաժեշտ են Հայաստանին: Այդ կապակցությամբ ՀՀ քաղաքացի Դավիթ Հարությունյանը բաց նամակ է գրել Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Անցյալ տարվա նախագահական խայտառակ ընտրությունների արդյունքները դուք ընդունեցիք և սատարեցիք Սերժիկ Սարգսյանին՝ շնորհավորելով նրան «Նախագահ» «վերընտրվելու» կապակցությամբ, չնայած, որ լավ էլ գիտեիք նրա ինքնընտրվելու մասին։ Սատարեցիք մի մարդու, որը 2008 թ․արյամբ զավթեց իշխանությունը։ Այդ ժամանակ ԱՄՆ-ը և Եվրամիությունը հավատում էին, որ Սերժը կանի ամեն ինչ Ասոցացման պայմանագիրը նախաստորագրելու համար և մեղադրում էիք ընդդիմությանը այն բանի համար, թե իբր ընդդիմությունը խանգարում է Հայաստանի հետագա զարգացմանը։ Սակայն ձեզ նախօրոք զգուշացվել էր, որ Սերժ Սարգսյանը ձեզ «կգցի», դա էլ տեղի ունեցավ և դուք, Շտեֆան Ֆյուլեն միանգամից սկսեցիք պաշտպանել բողոքի ձայն բարձրացնող ՀՀ քաղաքացիներին։ Այժմ դուք ևս փորձում եք պահել իշխանությունը ժողովրդից զավթած ոհմակին։

Կհորդորեմ ձեզ փորձերով զբաղվել ձեր երկրում։ Հայաստանի Հանրապետությունը ձեր, Եվրոպայի, Ռուսաստանի և այլ երկրների համար փորձադաշտ չէ։ Ձեր այս հայտարարությանը՝ «Ես կոչ եմ անելու կառավարությանը, որպեսզի այս գործընթացը պարզ ընկալելի լինի և հաջողություն ունենա», որը վերաբերում է պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգին, ես կգնահատեմ որպես Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական կյանքին միջամտել, որն, ըստ Միջազգային Իրավունքի արգելվում է։ Հայաստանի ժողովուրդը ինքն է որոշում իր երկրում ինչն է լավ և ինչն է վատ, ինչն է ճիշտ և ինչը` սխալ, ինչպես ԱՄՆ-ում որոշում են ԱՄՆ-ի քաղաքացիները։

ՀՀ քաղաքացի Դավիթ Հարությունյան»: 

Նախորդ հոդվածը‘Ոսկեպատ զուգարաններ ու լոգարաններ, մեքենաների հսկայական կոլեկցիա. Նոր կադրեր Յանուկովիչի լքված նստավայրից. Ֆոտոշարք, տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ռադայի խոսնակ. Ուկրաինայի պետական գանձարանը դատարկ է ‘