‘ՀՀ ՔԿ. Իջեւանում մեղադրանք է առաջադրվել եւս յոթ անձի’

1604

Ըստ ՀՀ ՔԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի: Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հիշեցնենք. 2019-ի հուլիսի 17-ին, ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացումից դժգոհ՝ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան  փողոցների հատման խաչմերուկի հատվածը, խուլիգանական դրդումներով դիտավորությամբ կոպտորեն խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Իջևան քաղաքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն, որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ, մարմնական վնասվածքներ են պատճառել հասարակական կարգի ապահովման նպատակով հիշյալ վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցների և, չենթարկվելով վերը նշված հանցավոր գործողությունները դադարեցնելու նրանց օրինական պահանջին՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ գործադրել են բռնություն:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Այսպիսով, քրեական գործով 21 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, 6 անձ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, 15 անձ՝  258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 8 անձի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին, 2-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, իսկ 1 անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Նախաքննությունը շարունակվում է՝ տեղեկացնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Բեյլի գործակալ․ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը չի հեռանա վարձավճարով’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ» — «Արսենալ». դրամատիկ պայքար, 4 գոլ, 2 կարմիր քարտ, հետխաղյա 11 մետրանոցներ (տեսանյութ)’