‘ՀՀ օմբուդսմենը տեսակցել է Հրաչյա Հարությունյանի հետ’

1040

Պոդոլսկում 18 մարդու մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանին տեսակցելու նպատակով Ռուսաստան է մեկնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։

Մոսկվայից «Ազատություն» ռադիոկայանին տված հեռախոսային հարցազրույցում օմբուդսմենը պատմել է, որ «Մատրոսկայա տիշինա» կալանավայրում հանդիպել է Հրաչյա Հարությունյանի հետ։

«Կարևորը՝ այս պահին նրա կյանքին և առողջությանը ակնհայտորեն վտանգ չէր սպառնում։ Իհարկե, դեռ ունի վնասվածք, որը պետք է ապաքինվի։ Շատ ավելի դրական է, քան մենք բոլորս տեսել էինք այդ տեսաերիզում (դատարանի դահլիճից)։ Անհամեմատելի փոփոխություն կա, բնականաբար, այդ վիճակից, բայց, իհարկե, խնդիրները դեռ կան, և խնդիրների մասին ավելի մանրամասն ես կխոսեմ Երևանում»,- ասել է Կարեն Անդրեասյանը։ Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»։

Օմբուդսմենը նաև պատմել է, որ Ռուսաստանում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր տեղական պաշտոնյաների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակում, ինչպես նաև հանդիպում է ունեցել Մոսկվայում Հայաստանի դեսպանի հետ։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ դատարանում Հրաչյա Հարությունյանի նվաստացուցիչ տեսքի վերաբերյալ մտահոգությունները փոխանցե՞լ է իր ռուսաստանցի գործընկերոջը, Կ. Անդրեասյանը պատասխանել է. «Ես իմ բոլոր մտահոգությունները, նաև այս ողբերգության հետ կապված, փոխանցել եմ»:

Նախորդ հոդվածը‘Եղիսաբեթ 2-րդը տղա ծոռ ունեցավ. ծնվել է Քեյթի եւ Ուիլյամի որդին ‘
Հաջորդ հոդվածը‘Թանկացման հերթը հացինն է. Մամուլ’