‘Հղիության արհեստական ընդհատման խնդիրը. բաց նամակ ՀՀ և Արցախի վարչապետերին ‘

978

Ստեփանակերտում գործող «Հանուն կյանքի» նախաձեռնությունը բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանին և ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանին: ilur.am-ը ստորև ներկայացնում է նամակն ամբողջությամբ:

 

«Հարգարժա՛ն պարոնայք վարչապետեր, Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը այժմ կանգնած են ժողովրդագրական լուրջ մարտահրավերների առջև, որում իր մեղքի բաժինն ունի նաև հղիությունների արհեստական ընդհատումների դեպքերի բավականին բարձր (Արցախի պարագայում՝ ճգնաժամային) մակարդակը: 2011 թ. Վիճակագրությամբ ՀՀ-ում հղիությունների 21.6 տոկոսը ավարտվել է արհեստական ընդհատմամբ՝ կորցնելով 11,963 երեխայի կյանք: Իսկ ահա Արցախում ընդհանուր հղիությունների 28.4 տոկոսն է ավարտվել արհեստական ընդհատմամբ՝ 1,026 դեպքով: Ուշագրավ է, որ դրանք միայն պաշտոնական թվեր են, որոնք չեն ներառումտարբեր գնահատականներով զգալի թիվ կազմող չվերահսկվող դեպքերը:

Հաշվի առնելով վերոնշյալ մտահոգիչ տվյալները մեր ժողովրդագրության համար, ինչպես նաև հղիության արհեստական ընդհատում կատարող կանանց առողջությանը հասցվող լուրջ (ոչ քիչ դեպքերում նաև մահացու) հետևանքները և խնդրի բարոյական տեսանկյունը՝ կոչ ենք անում Ձեզ ավելի մեծ ուշադրություն դարձնել հղիությունների արհեստական ընդհատումների դեպքերի մակարդակը իջեցնելու վրա: Որպես առաջնահերթ կարճաժամկետ գործիքներ՝ Ձեզ առաջարկում ենք կատարել հետևյալ քայլերը՝

1. ՀՀ-ում և ԱՀ-ում համապատասխան իրավական ակտերով պարտադիր դարձնել հղիության արհեստական ընդհատումից առաջ տվյալ քայլին գնացող ամուսինների (առնվազն չծնված երեխայի մոր) հետ հոգեբանական ու բացատրական զրույցը, ինչպես նաև այդ զրույցից հետո 2-3 օրվա տրամադրում վերջնական որոշում կայացնելու համար:

2. ՀՀ-ում և ԱՀ-ում համապատասխան իրավական ակտերով հունիսի 1-ը հռչակել նաև չծնված երեխաների պաշտպանության օր՝ դրանից բխող համապատասխան բացատրական-քարոզչական ակցիաների կազմակերպման աջակցմամբ:

Համոզված լինելով, որ վերոնշյալ քայլերի իրագործումը մեծ ջանքերի ու ռեսուրսների հետ չէ կապված՝ ակնկալում ենք դրանց հնարավորինս արագ իրագործում, ինչը, սակայն, բավարար չէ ցանկալի արդյունքների հասնելու համար: Այդ պատճառով Ձեզ կոչ ենք անում ստեղծել այդ հարցով զբաղվող կառավարական հանձնաժողովներ, որոնք կմշակեն և կյանքի կկոչեն հղիության արհեստական ընդհատման դեպքերի նվազման գործողությունների ռազմավարական ծրագրեր:

«Հանուն կյանքի» նախաձեռնություն Ստեփանակերտ»

Նախորդ հոդվածը‘Իտալիայի ֆուտբոլի հավաքականի կազմը Հայաստանի հետ խաղում’
Հաջորդ հոդվածը‘Կալաձեն առաջադրվել է Վրաստանի փոխվարչապետի պաշտոնում’