‘ՀՃՊՀ-ն «Դ!եմ եմ»-ին. Հանդիպում-հանրահավաքը կխանգարի ուսանողությանը կրթվելու հարցում’

1083

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը հայտարարություն է տարածել, որով անդրադարձել է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության կողմից ՀՊՃՀ-ում անցկացվելիք միջոցառմանը՝ նշելով, որ այն խանգարում է ուսանողությանը` կրթվելու եւ գիտելիքներ ձեռք բերելու հարցում:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Էլեկտրոնային լրատվական միջոցներից տեղեկացանք «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությանը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) բակում փետրվարի 20-ին, ժամը 12.30-ին (երկար դասամիջոցի սկիզբ) ուսանողների և դասախոսական կազմի հետ բաց հանդիպում հրավիրելու մասին:

Առհասարակ, ճարտարագիտական համալսարանը ողջունում է ցանկացած քաղաքացիական նախաձեռնություն, որի իրականացումն առաջնորդվում է ՀՀ օրենքներով, և չի խաթարում որևէ հաստատության բնականոն աշխատանքային գործունեությունը:

Առաջնորդվելով ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) առաքելության մի շարք դրույթներով, դրանք են` նպաստավոր գիտակրթական միջավայրի ստեղծումը, կրթական և գիտական ծրագրերի իրականացումը, կրթական հաստատությունում ուսումնական գործընթացի անձեռնամխելիության սկզբունքը, ՀՊՃՀ Ռեկտորատը, Արհմիութենական կազմակերպության կոմիտեն և Ուսանողական խորհուրդը կոչ են անում «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությանը և այլ հասարակական, քաղաքական կազմակերպություններին ու շարժումներին ձեռնպահ մնալ նմանատիպ զանգվածային հանդիպում-հանրահավաքներ կազմակերպելու գաղափարից ուսումնական կազմակերպությունների` տվյալ դեպքում ՀՊՃՀ տարածքում, և չխանգարել ուսանողությանը` կրթվելու, գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ձեռք բերելու, իսկ աշխատակիցներին` աշխատելու և իրենց պարտականությունները պատշաճ կատարելու հարցում:

Անկախ այն փաստից, թե Պոլիտեխնիկի կոլեկտիվի և ուսանողության որ մասն է սատարում նախաձեռնությանը, համոզված ենք, որ մեծ դասամիջոցի ընթացքում ՀՊՃՀ տարածքում ցանկացած նմանատիպ միջոցառում անխուսափելիորեն կխաթարի ուսումնական գործընթացը:

Քննարկվող խնդիրը կարևոր համարելով երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում և տեղյակ լինելով հասարակական վերաբերմունքում տեղ գտած բազմակարծությանը` այդուհանդերձ, կարծում ենք, որ համալսարանական միջավայրը այդօրինակ ակցիաների համար նպատակահարմար հարթակ չէ:

Բարի լինենք ուժեղ տնտեսության հիմքեր ստեղծել և այն սպասարկելու գործը խղճով կատարել, և ոչ թե երթերի և հանրահավաքների միջոցով կորցնել առանց այդ էլ խիստ սահմանափակ միջոցներն ու ժամանակը:

Կոչ ենք անում հարգել մեր պետական ինստիտուտները` սպասելով Սահմանադրական դատարանի որոշմանը և տուրք չտալ առանձին անհատների վերլուծություններին:

 

Նախորդ հոդվածը‘ Դավութօղլու. Հայաստանի հետ սահմանը չի բացվի, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆիննախ. Գործատուների 99 տոկոսը պարտադիր կուտակայինի համար պահումներ է կատարել’