‘Հմայակ Հովհաննիսյան. Արևմունտքի նախընտրելի թեկնածուն Օսկանյանն է ‘

933

«Կփորձեմ փոքր-ինչ վերլուծել այս վերջին օրերի իրադարձությունները՝ կապելով դրանք նախագահական ընտրությունների հետ, հաշվի առնելով այն, որ իսկապես գտնվում ենք նախագահական ընտրությունների քարոզարշավի նախաշեմին՝ չնայած առայժմ պատկերացում չունենք, թե ովքեր են լինելու թեկնածուները: Անցյալ նախագահական ընտրություններին նույն այս ժամանակահատվածում արդեն ուրվագծված էին հնարավոր թեկնածուները»: ILur.am-ի թղթակցի փոխանցմամբ, այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ վերջերս տեղի ունեցած իրադարձությունները իրար հետ փոխկապակցված են, այդ իրադարձությունները չորսն են. առաջինը՝ երբ խորհրդարանական բուռն քննարկման արդյունքում Վարդան Օսկանյանը զրկվեց անձեռնմխելիությունից և Սիվիլիթասի գործով ներգրավվեց որպես մեղադրյալ, երկրորդը՝ նույն ժամանակահատվածում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունն է: Երրորդ՝ «ժառանգություն» խմբակցությունը կազմող երկու կուսակցությունների միջև տեղի ունեցավ պառակտում, չորրորդ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ու ԱՄՆ դեսպանի միջև տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ դեսպանն իր զորակցությունը հայտնեց Վարդան Օսկանյանին:

«Այս ամենը վկայում է, որ տարածաշրջանում գործընթացները շարժի մեջ են: Հավատացեք, որ ամերիկյան ուժերի կողմից ստեղծված «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ու ամերիկյան ուժերի հետ սերտ կապեր ունենող «Ժառանգությունը» չէին կարող պառակտում ունենալ առանց ԱՄՆ-ի համաձայնության: Վերջինս հասկացնում է Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նա պետք է զիջի Օսկանյանին: Ինչպես գիտենք՝ Օսկանյանը, ով ընկալվում է որպես քաղաքական գործիչ, հայտնվեց իրադարձությունների կիզակետում: Այս սցենարի նպատակն է Օսկանյանին դարձնել նախագահի միասնական թեկնածու, որն էլ փորձում են իրագործել արևմտյան ուժերը», — ասաց քաղաքագետը:
Ըստ նրա՝ քանի որ Հայաստանում քաղաքական ընդդիմության մաս կազմող կուսակցությունները միմյանց հետ ունեն անլուծելի գաղափարական տարաձայնություններ, ապա միայն «ֆորսմաժորային» իրավիճակում բոլորը կմիախմբվեն, իսկ այդ «ֆորսմաժորային» իրավիճակը հանդիսացավ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը:

Նախորդ հոդվածը‘Իվանիշվիլին ներկայացրել է Վրաստանի կառավարության ամբողջական կազմը’
Հաջորդ հոդվածը‘Մեծ ֆուտբոլի օր` առանց Հայաստանի’