‘ՀՅԴ առայժմ չի մեկնաբանում Պռոշյանի ընտրությունների արդյունքները’

816

ՀՅԴ-ում առայժմ ձեռնպահ են մնում մեկնաբանություններ անել երեկ Պռոշյան համայնքում կայացած՝ համայնքի ղեկավարի ընտրությունների մասին: Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանն ասել է, որ այսօր օրվա ընթացքում իրենք կքննարկեն ամենը, հետո նոր միայն մեկնաբանություններ կանեն, որպեսզի դրանք հիմնավոր լինեն:

iLur.am-ը կապ հաստատեց պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած ՀՅԴ անդամ ինքնաառաջադրված Վովա Սահակյանի հետ, որը նույնպես հրաժարվեց մեկնաբանություններից՝ ասելով, որ հիմա լրագրողի ժամանակը չէ:

Պռոշյանում արտահերթ ընտրություններ նշանակվեցին գյուղապետարանի շենքի դիմաց ապրիլի 2-ին դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո։ Մրցող երեք թեկնածուներից մեկը՝ ինքնաառաջադրված Վովա Սահակյանը Հրաչ Մուրադյանի ընտանիքի աջակցությունն էր վայելում, մյուսը ինքնաառաջադրված հանրապետական Արթուր Մուրադյանը նախորդ՝ սեպտեմբերի 23-ին ընտրություններում Հրաչ Մուրադյանի հիմնական հակառակորդն էր, իսկ երրորդը անկուսակցական գիտաշխատող Ալեքսան Ալեքսանյանն էր։

Նշենք, որ ավելի վաղ ՀՅԴ անդամ, ինքնաառաջադրված Վովա Սահակյանը ասել էր. «Փողը բաժանել վերջացրել են, երեկ գիշեր են բաժանել: Փողը բաժանեցին, որ ՀՀԿ թեկնածուն անցնի, ինչ ընտրություն, Պռոշյանում ընտրություններն ավարտվել են»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԿԸՀ-ի հրապարակած տվյալներով 3991 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել են 2799-ը, որոնցից 178-ը քվեարկել են անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանի օգտին, 1317 ձայն հավաքել է ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը, իսկ Դաշնակցության ներկայացուցիչ Վովա Սահակյանի օգտին քվեարկել են 1241 քաղաքացիներ:

Նախորդ հոդվածը’50 գրամ միս. Հումանիտար օգնություն՝ կարկուտից տուժած գյուղացուն’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը վերադարձել է արձակուրդից’