‘ՀՅԴ. ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը խիստ անհրաժեշտություն է’

979

ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծում վերջին օրերի լարվածության կապակցությամբ` կոչ ուղղելով ադրբեջանական կողմին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին.  

«Վերջին շրջանում առավել ակտիվացել են ադրբեջանական կողմի ձեռնարկած սադրանքները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ ունեցած սահմանային տարածքներում: Մշտական կրակահերթերը, դիպուկահարների գործողությունները, դիվերսիոն բնույթի ոտնձգությունները խլում են զինծառայողների և խաղաղ բնակչության բազմաթիվ կյանքեր:  

Ադրբեջանը, շփացած նավթադոլարների հաշվին իրականացվող անհագ սպառազինումից, ինչպես նաև միջազգային հանրության ու մասնավորապես հակամարտության միջնորդ կողմերի ոչ համարժեք արձագանքից, մեր տարածաշրջանը նոր պատերազմի մեջ ներքաշելու իրական վտանգ է ստեղծել:  

Ադրբեջանի մարտավարությունը մշտապես եղել է խուսափելը հակամարտության բոլոր կողմերի` Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ խաղաղ բանակցություններից, ինչպես նաև պատերազմի վերսկսման սպառնալիքով Հայաստանին ու Արցախին միակողմանի զիջումներ պարտադրելու փորձերը:  

Այսպիսով Ադրբեջանը դարձել է բանակցությունները խափանող կողմ, ինչը հիմնական պատճառ է, որպեսզի հրադադարի եռակողմ համաձայնագրի ստորագրումից 20 տարի անց հակամարտությունը մնա չկարգավորված: Իրադարձությունների վտանգավոր ընթացքը կանխելու նպատակով կոչ ենք անում. 

— ադրբեջանական կողմին` հանդարտվել և հրաժարվել անպատասխանատու, սխալ հաշվարկված ձեռնարկումներից, որոնց հետևանքը ծանր հատուցումն է` իր իսկ երկրի քաղաքացիների կյանքով,  

— համանախագահներին` հրաժարվել ընդհանուր մատնանշումներից, որոնք իրական մեղավորին հնարավորություն են ընձեռում խուսափելու ստույգ պատասխանատվությունից և առիթ են տալիս լինելու առավել սանձարձակ: Միաժամանակ, պահանջում ենք քայլեր ձեռնարկել վերականգնելու իրական բանակցություններ ապահովող եռակողմ ձևաչափը` ԼՂՀ լիարժեք մասնակցությամբ, ինչպես նաև կողմերի միջև կնքել չհարձակվելու մասին եռակողմ համաձայնագիր:  

— կանխել ռազմական արկածախնդրության հակված Ադրբեջանին զանգվածային ոչնչացման և այլ տեսակի զենքերի մեծաքանակ վաճառքը, ինչը հակասում է վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված ճիգերին:  

Հ.Յ. Դաշնակցությունը համոզված է, որ ներկա պայմաններում ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը խիստ անհրաժեշտություն է: Նման դաշինքը երկու հայկական պետությունների համար կստեղծի միջազգային իրավունքից և անվտանգության կենսական պահանջներից բխող իրավա-պայմանագրային անհրաժշտ հիմք` առավել արդյունավետ և համատեղ մարտավարություն և ռազմավարություն իրականացնելու համար:   Նոր պատերազմը կանխելու և նախահարձակ Ադրբեջանին գիտակցության բերելու հիմնական երաշխիքը եղել և մնում են երկու հայկական պետությունների ներդաշնակ զարգացումն ու հզորացումը, համայն հայության համախմբումը, հայոց բանակի անկոտրում ոգին ու բարձր մարտունակությունը: 

Նախորդ հոդվածը‘Բաքուն միջազգային հանրությանը կոչ է անում «սանձահարել» Հայաստանին’
Հաջորդ հոդվածը‘Ալեքսանդր Կռիլով. Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ կսկսվի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը հեռանա Հարավային Կովկասից ‘