‘Հյուծված համակարգը’

2133

Շատերը նկատած կլինեն, որ արդեն բավական երկար ժամանակ է, ինչ մենք չենք տեսնում և չենք լսում Սերժ Սարգսյանին: Նա չի երևում հեռուստաէկրաններին, նրա խոսքը, թեկուզ անգրագետ, իրականության հետ կապ չունեցող՝ այլևս չի զետեղվում տարատեսակ կայքերում: Այնպիսի տպավորություն է, կարծես Հայաստանում նախագահի աթոռը թափուր է մնացել կամ որպես ընտրված նախագահ ներկայացող անձն ուղղակի խուսափում է ավելորդ անգամ ուշադրության կենտրոնում հայտնվելուց:

Ընդունեք, որ սա այդքան էլ նորմալ իրավիճակ չէ: Չտեսնված մի երևույթ՝ մարդը ընտրվել է նախագահ և ոչ մի ուղերձով անգամ չի դիմել իր ընտրողներին, չի շնորհավորել հաղթանակի կապակցությամբ: Անգամ ընտրություններից հետո «Հանրապետական» կուսակցության առաջին ժողովին նա, հակառակ իր սովորության, կուսակցության գրասենյակ մուտք գործեց ոչ գլխավոր մուտքից: Հետևապես՝ բացառելով այն, որ նախագահի աթոռը թափուր է մնացել, կարելի է համոզված ասել, որ Սերժ Սարգսյանն ուղղակի խուսափում է հրապարակային գործողություններից:

Իհարկե, Սերժ Սարգսյանը բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ ունի խուսափելու հայաստանցիների հայացքներից: Դժվար է դիմանալ ատելությամբ լի հայացքներին, երբ  գիտես, որ դրանք լիովին արդարացված են, և քո հանցավոր գործունեությունն է դրանց միակ պատճառը: Դժվար է նայել այն մարդկանց աչքերին, ում տարիներ շարունակ թալանում ես, ում տառապանքների հաշվին հարստացել ես դու և մտերիմներդ, ում եղբայրներին ու զավակներին գնդակահարել ես, ում հալածել ես, ում ընտանիքի անդամներին սպառնացել ես, ում ծնողներին ու երեխաներին նետել ես բանտերը, ում խաբել ես, ում ծաղրել ու նվաստացրել ես:

Դժվարություններն ուղղակի ակնհայտ են, սակայն հազիվ թե սրանք լինեն Սերժ Սարգսյանի ժամանակավոր «անտեսանելիության» պատճառը: Մենք շատ լավ հիշում ենք անցած հինգ տարիները, մասնավորապես՝ նախագահական ընտրությունների քարոզարշավը: Սերժ Սարգսյանը, ունենալով ամաչելու և մարդկանց աչքերի մեջ չնայելու  պատճառ հանդիսացող գործունեության բավականին հարուստ հետագիծ, ամենևին չէր խուսափում տեսախցիկներից և քաղաքացիների հետ (բավականին տխրահռչակ) հանդիպումներից: Մեղմ ասած՝ քաղաքացիների կողմից սիրված չլինելու փաստը նա բավական հեշտ էր տանում:

Սա ուներ իր պատճառները ևս: Սերժ Սարգսյանը պատրաստ էր ցանկացած տհաճ հանդիպման, ցանկացած ամբիոնից ելույթի, ցանկացած լրագրողական «կծող» հարցադրման, միայն թե ստեղծեր իր համար այդքան բաղձալի մրցակցային ընտրությունների պատրանքը և վերջապես ստանար հինգ տարի սպասված լեգիտիմությունը: Համոզված եղեք, եթե այս ծրագիրը իրականանար Սերժ Սարգսյանի «սրտի ուզած ձևով» և արժանանար դիտորդների համապատասխան արձագանքին, ապա «հաղթանակած, ժողովրդավար նախագահին» անհնար կլիներ իջեցնել հեռուստաէկրաններից: Բայց ծրագիրը, մեղմ ասած, չիրականացավ: Մրցակցային ընտրությունները «թարս աճեցին»: Եթե ընտրատեղամասերում օպերատիվ կերպով հանձնաժողավականներին կաշառելու, ահաբեկելու և ուղղակի թվանկարչության միջոցով չկեղծվեին քվեարկության արդյունքները, միանշանակ է, որ Սերժ Սարգսյանը չէր «ընտրվի»:

Սա, իրենց հերթին, գրանցեցին դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները, որոնք որոշ ընտրակեղծիքների մասին բարձրաձայնեցին, մյուսների վերաբերյալ լռեցին՝ հետագայում դրանք Սերժ Սարգսյանին բավականին թանկ գնով վաճառելու նպատակով: Իսկ մեկ մահափորձի ենթարկված, մեկ կալանավորված և ևս մեկ՝ հացադուլի միջոցով ընտրությունների արդյունքները վիճարկող նախագահի թեկնածուներն է՛լ ավելի բարդացրին իրավիճակը և վերջնականապես  անհնարին դարձրին Սերժ Սարգսյանի նախնական ծրագրի իրագործումը:

Եվ բնական է, որ ստեղծված պայմաններում ինքնակոչ «նախագահի» PR-ով զբողվող Միշիկը (Միքայել Մինասյան) պետք է խորհուրդ տար հնարավորինս քիչ երևալ առանց այն էլ ընդվզող քաղաքացիների աչքերին՝ ավելորդ անգամ նրանց տրամադրությունները չգրգռելու և ուշադրությունը ընտրակեղծիքների գլխավոր դերակատարից, թեկուզ ժամանակավորապես, շեղելու նպատակով:

Սա խոսում է այն մասին, որ հինգ տարի շարունակ միայն իր իշխանության պահպանմամբ զբաղված, այժմ էլ կրկին ընտրությունները կեղծած և տևական լարված ներքաղաքական իրավիճակից հյուծված իշխանական համակարգը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, հայտնվել է բավական խոցելի մի իրավիճակում, երբ ժողովրդական ուժերի համաձայնեցված գործողություններով  հնարավոր է հասնել վերջնական արդյունքի՝ Հայաստանում Սահմանադրական կարգի վերագանգնման գործում:

Վերջնական հաղթանակի հասնելու հնարավորությունը է՛լ ավելի իրատեսական է դառնում Երևանի ավագանու գալիք ընտրությունների ֆոնին: ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգություն»-ը, ցանկության դեպքում, կարող են միասնական ջանքեր ներդնել ընտրակեղծիքների բացառման գործում, ինչի արդյունքում հնարավոր կլինի Սերժ Սարգսյանին զրկել Երևանից: Սրանից հետո Սերժ Սարգսյանի խմբավորման վերջնական տապալումը և լեգիտիմ իշխանության ձևավորումը կդառնա ուղղակի տեխնիկական, շատ կարճ ժամկետներում լուծվող խնդիր:

Արեգ Գևորգյան 

Նախորդ հոդվածը‘Կվերսկսվի արգելված չեխական խմիչքների ներմուծումը’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ. «Բարսելոնա» — «Միլան» և «Շալկե 04» — «Գալաթասարայ»’