‘Հնարավորություն, որ միգուցե էլ չի լինի. Հայաստանը ԵՎՐՈ-2020-ի հայտ չի ներկայացնի’

1002

Հայաստանի համար, որն ինքնուրույն չի կարող Եվրոպայի առաջնություն անցկացնել, ստեղծվել է բացառիկ հնարավորություն եվրոպական ֆուտբոլային տոնի մասնակիցը դառնալու համար: Սակայն մեր երկիրը չունի նման մրցաշար ընդունելու համար անհրաժեշտ ենթակառուցվածք:

Նոր ԵՎՐՈ, նոր պահանջներ.

Լոզանում կայացած ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հունվարի 25-ի որոշմամբ ԵՎՐՈ-2020-ն անցկացվելու է եվրոպական 13 քաղաքներում: ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նշել է, որ «մենք 53 ֆեդերացիա ենք և խաղալու ենք ողջ Եվրոպայում»: Սա նշանակում է, որ տեսականորեն Եվրոպայի 53 երկրներիից յուրաքանչյուրում կարող է անցկացվել 2020 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հանդիպում, այդ թվում նաև` Հայաստանում: ԵՎՐՈ-2020-նն այդպիսով եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ յուրահատուկ մրցաշար է դառնալու:

Այս տարվա ապրիլից սկսած եվրոպական քաղաքները կարող են իրենց թեկնածությունները ներկայացնել 13 պոտենցիալ փաթեթների համար: 13-րդը կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերի անցկացման հավակնորդների ցուցակն է: 12 փաթեթներում կլինեն այն քաղաքները, որոնք հավակնում են ընդունել խմբային փուլի հանդիպումները և playoff մեկական խաղ (1/8 եզրափակիչ կամ 1/4 եզրափակիչ), իսկ 13-րդն իր մեջ կներառի 2 կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը:

\"\"

Յուրաքանչյուր ֆուտբոլային ասոցիացիա կարող է երկուական թեկնածություն ներկայացնել: Մեկ քաղաքում անցկացվող խաղերը պետք է կայանան միայն մեկ ստադիոնում:

Հայաստանն ու ԵՎՐՈ-2020-նն անցկացնելու հավանականությունը.

Եզրափակիչ և կիսաեզրափակիչ հանդիպումները կկարողանան հյուրընկալել միայն 70 հազարանոց ստադիոնները, քառորդ եզրափակիչները` 60 հազարանոց, իսկ 1/8 եզրափակիչն ու խմբային փուլի հանդիպումները` 50 հազարանոց: Սակայն երկու 30 հազարանոց ստադիոններ ևս բացառության կարգով կկարողանան անցկացնել խմբային փուլի և 1/8 եզրափակչի հանդիպումները: Պլատինիի խոսքով, այն փաստը, որ անգամ 30 հազար հանդիսական տեղավորող ստադինոը կարող է ԵՎՐՈ-2020-ի խաղ անցկացնել, առաջնության անցկացման հետաքրքրությունն ավելի կմեծացնի:

Սա հիանալի հնարավորություն է տալիս անգամ ֆուտբոլային մեծ ենթակառուցվածքներ չունեցող երկրներին դառնալ ԵՎՐՈ-2020-ը հյուրընկալողներից մեկը: Հայաստանում այդ չափանիշին համապատասխանող միայն մեկ ստադիոն կա` «Հրազդանն» է, որը տեղավորում է մոտ 55 հազար հանդիսական:

Հայաստանի համար, որն ինքնուրույն չի կարող Եվրոպայի առաջնություն անցկացնել, սա բացառիկ հնարավորություն է եվրոպական ֆուտբոլային տոնի մասնակիցը դառնալու համար: Սակայն ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, իրենք Եվրոպայի առաջնությունն ընդունելու հայտ չեն ներկայացնելու և պատճառաբանությունն այս է. «Հայտ ներկայացնող երկիրն իր բոլոր ենթակառուցվածքներով պետք է պատրաստ լինի այդ իրադարձության անցկացմանը»:

\"\"

«Հրազդանն» անպատրաստ է «մեծ» հանդիպումների համար.

«Հրազդանը» համարվում է ՈՒԵՖԱ-ի 3-րդ կարգի ստադիոն և այնտեղ կարող են անցկացվել միայն ազգային հավաքականների և աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլի հանդիպումներ:

Ստադիոնը վերջին 4 տարվա ընթացքում վերանորոգվել է երկու անգամ ` 2008-ին և 2012-ին Թուրքիայի և Իտալիայի հետ ընտրական հանդիպումներից առաջ:

2012-ին «Հրազդանն» ունեցավ նոր լուսատախտակ, փոխվեց ստադիոնի խոտածածկը, վերանորոգվեցին հանդերձարանները, սակայն ամեն դեպքում այն շարունակում է անպատրաստ լինել «մեծ» հանդիպումների համար:

Ֆուտբոլի զարգացման և առաջընթացի մասին կարելի է խոսել նաև լավ ենթակառուցվածքների առկայության դեպքում: Այն, որ մինչև 2020 թվականն անգամ մեր երկիրը ընդունակ չի լինի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մի քանի հանդիպում անցկացնել, իսկապես շատ է տխրեցնում: Ստացվում է, որ առնվազն յոթ տարի հայ երկրպագուները դեռ չեն կկարողանա մեր երկրում ականատես լինել ֆուտբոլային մեծ տոնի:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News


Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն աննպատակահարմար է համարում Օբամայի ամառային այցը Մոսկվա’
Հաջորդ հոդվածը‘Գորիսի եւ Սիսիանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց’