‘Հնարավոր է, կամ` ի գիտություն երեկ չէ առաջին օրը արթնացածների ‘

2453

Ոստիկանները լուսանկարում են ցուցարարներին: Այս ահազանգի հեղինակը «Ազատություն» ռադիոկայանի ղեկավար Հրայր Թամրազյանն էր: Կրկնում էր ու կրկնում ընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքում: Կարծեմ Արմավիրում էր: Էական չէ: Հավանաբար, պարոն Թամրազյանը շատ հեռու է եղել Հայաստանում երկար տարիներ շարունակվող ազատության եւ արդարության համար պայքարից եւ միայն վերջին օրերին է մասնակցում հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին, հակառակ դեպքում` դժվար թե այդպես հուզախառն տագնապի կոչնակ հնչեցներ:

Հարգարժան ազատատենչ ցուցարարներ, ե’ւ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, ե’ւ ոստիկանությունն առնվազն հինգ տարի շարունակ`դիմացից, թիկունքից, կողքից, վերեւից, ներքեւից, օդից, ջրից ու ցամաքից լուսանկարել ու նկարահանել է բոլոր հանրահավաքներն ու բողոքի ակցիաները, բոլոր մասնակիցներին էլ` մեկիկ-մեկիկ: Դե, ապօրինի գաղտնալսումների մասին էլ` չասեմ:

Յուրաքանչյուր քաղաքացի, որը դուրս է եկել փողոց` այս հանցագործ իշխանությունից ազատվելու հաստատակամությամբ, առնվազն մի քանի ալբոմ լուսանկար ունի նշված «կանտորաներում», ինչի համար, ի դեպ, միմիայն պետք է հպարտ լինի: Ժամանակը գալու է, եւ հենց այդ նույն «կանտորաների» աշխատակիցները սիրով, շատ սիրով ձեզ են նվիրելու այդ լուսանկարները, եւ վա’յ նրանց, ովքեր հանրահավաքային լուսանկար չունեն այդ «կանտորաներում»:

Եթե, իրոք, պատրաստ եք պայքարի, պատրաստ եղեք նաեւ հազարումի դժվարության ու զրկանքների: Օրինակ` հնարավոր է եւ շա’տ է հնարավոր, որ համազգեստավոր կամ անհամազգեստ «բուդկաները» հարձակվեն եւ անխնա, գազանաբար սմբակահարեն ձեզ: Կամ` կանգնած լինեք ամենաօրինապաշտ քաղաքացու նման, մոտենան` ոլորեն ձեր թեւերը, քարշ տալով խցկեն ավտոմեքենայի մեջ, իրենք էլ` իրենց հուժկու հետույքով բազմեն հենց ձեզ վրա, տանեն ոստիկանության բաժանմունք եւ այնտեղ «հայրաբար» ծեծեն: Հնարավոր է` հետո ազատ արձակեն, հնարավոր է` մի քանի տարով փակեն բանտախցում: Հնարավոր է` պարանը գցեն ձեր վիզը, նետեն գետնին ու քարշ տան, ինչքան սրտներն ուզենա, եւ հետն էլ` ամենանողկալի հայհոյանքներով շաղախեն ձեզ եւ ձեր ողջ տոհմածառը: Հնարավոր է` եթե որեւէ սեփականություն ունեք, ձեր ձեռքից խլեն, սնանկացնեն ձեզ, աշխատանքից հեռացնեն, համալսարանից հեռացնեն: Որքան էլ սարսափելի է, հնարավոր է նաեւ, որ կրակեն ու սպանեն:

Ի դեպ, կարեւոր չէ` տղամարդ եք, կին, աղջնակ, թե մանկահասակ երեխա:

Չեմ ասում, որ վախենաք: Ասում եմ, որովհետեւ հենց այդպես էլ եղել է այս հանցագործ իշխանությունների օրոք, եւ ես ձեզ հիշեցրի պայքարողների «ուրախ» առօրյայի ընդամենը մեկ էջի մասին: Եթե, իրոք, դուրս եք եկել պայքարելու հանուն ձեր արդար նպատակի, պատրաստ եղեք այն ամենին, ինչը գրեցի: Պատրաստ եղեք նաեւ այն ամենին, ինչը չգրեցի, բայց կարող եք պատկերացնել` հիշելով, թե բարիկադի մյուս կողմում մարդկային ինչ հատկանիշներ ունեցողներ են կանգնած:

Թե չէ` հասե~ք, աման-աման, լուսանկարում են…

Լիզա Ճաղարյան

 

 

 

  

Նախորդ հոդվածը‘«Ստյաուայի» նախագահը հրաժարվել է ընթրել «Այաքսի» նախագահի հետ վերջինիս կոշիկների պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Ե.Բոզոյան. Տեր-Պետրոսյանի քայլը օրինակ պետք է լինի մյուս կուսակցությունների համար’