Հնդկաստան․ Ընդդիմության առաջնորդը դատապարտվել է երկու տարվա կալանքի

236

Հնդկաստանի դատարանը երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցության՝ Հնդկական ազգային կոնգրեսի առաջնորդներից մեկին՝ Ռահուլ Գանդիին, դատապարտել է երկու տարվա ազատազրկման, սակայն 30 օրով ազատ է արձակել գրավի դիմաց, հինգշաբթի հաղորդել է NDTV հեռուստաալիքը։

Հնդկաստանի արևմուտքում՝ Գուջարաթ նահանգում, դատարանը Ինդիրա Գանդիի թոռանը մեղավոր է ճանաչել անվանարկման գործով՝ վարչապետ Նարենդրա Մոդիի ազգանվան վերաբերյալ նրա արտահայտությունների համար։

ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ 2019 թ․ Գուջարաթում իր կողմնակիցների հանրահավաքում ելույթ ունենալիս քաղաքական գործիչը հարց է տվել՝ «Ինչո՞ւ են բոլոր գողերը Մոդի ազգանունը կրում»՝ ակնարկելով այդ ժամանակ երկրից փախած գործարար Նիրավ Մոդիի և Լալիտ Մոդիի հետ կապված սկանդալը։ Ընդ որում՝ Գանդին գործող վարչապետ Նարենդրա Մոդիի անունը չի հնչեցրել, սակայն հայցվորները պնդել են, որ նա «վարկաբեկել է բոլոր Մոդիներին»։

52-ամյա Ռահուլ Գանդին Ներու Գանդի քաղաքական գերդաստանից է և  երկրում ավագագույն քաղաքական ուժ հանդիսացող ՀԱԿ-ի առաջնորդներից մեկը։  Ռահուլը Ռաջիվ Գանդիի որդին է և Ինդիրա Գանդիի թոռը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԴատապարտել են իսրայելցի նախարարի հայտարարությունը
Հաջորդ հոդվածըԵվրո-2024․ Անգլիան ուժեղ էր Իտալիայից, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)