‘Հոլանդիա. MH17-ի կործանման վայրում դեռ շատ դիակներ են մնացել’

997

Հոլանդացի փորձագետները կոչ են արել շարունակել Malaysia Airline ավիաընկերության կործանված օդանավի ուղևորների և անձնակազմի անդամների մարմինների որոնումը: Ինչպես Խարկովում կայացած ճեպազրույցում հայտարարել է հոլանդացի դատաբժշկական փորձագետ Յան Թաունդերը, ներկա դրությամբ մասնագետները կարողացել են նույնականացնել ընդամենը 200 զոհի, մինչդեռ օդանավում եղել է 298 մարդ:

Ռուսաստանամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքից սառցարան-վագոններով Խարկով տեղափոխված մարմինները Հոլանդիայի Էյնդհովեն քաղաք կուղարկվեն չորեքշաբթի: Սակայն փորձագետները պետք է վերադառնան աղետի վայր և կրկին զբաղվեն մարմինների որոնման աշխատանքով, հայտարարել է Թաունդերը: «Մենք այստեղից չենք հեռանա, քանի դեռ օդանավում եղած բոլոր մարդկանց մասունքները չեն լքել այս երկրի տարածքը: Ուստի մենք պետք է շարունակենք որոնումները ու նորից պայմանավորվենք այն մարդկանց հետ, ովքեր աղետի վայրում են»,- լրագրողներին հայտնել է փորձագետը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սառցարան-վագոններում 280 մարմին է տեղափոխվում:

Ինտերպոլի հայտարարության համաձայն՝ Նիդեռլանդներ ուղարկվելուց առաջ բոլոր մասունքները պետք է ուսումնասիրվեն փորձագետների միջազգային խմբի կողմից: Էյնդհովեն հասցվելուց հետո՝ մարմինները կտեղափոխեն Հիլվերսում՝ նույնականացման համար: Այդ գործընթացը, հոլանդական իշխանությունների խոսքով, կարող է շաբաթներ, նույնիսկ ամիսներ տևել:

Այսօր Նիդեռլանդների կառավարությունը ազգային սգո օր է հայտարարել:

Մինչդեռ ավիավթարի հետ առնչություն ունեցող մի շարք երկրներ, այդ թվում՝ Նիդեռլանդները, Ավստրալիան և Բրիտանիան, մտավախություն են հայտնել, որ աղետի վայրից կարող են անհետանալ կարևոր իրեղեն ապացույցներ: ԵԱՀԿ դիտորդների խմբի մի ներկայացուցիչ, ով աշխատել է ինքնաթիռի անկման վայրում, BBC-ին տեղեկացրել է, որ «Բոինգի» խոշոր բեկորները սղոցվել են և այժմ նախկինից տարբերվող տեսք ունեն:

 

Նախորդ հոդվածը‘Նեթանյահուն Պան Գի Մունին հրավիրել է հրթիռների ցուցահանդես’
Հաջորդ հոդվածը‘Ակնհայտ է, թե ով է Մինսկի խմբի հայտարարության հասցեատերը. «Ժողովուրդ»’