‘Հոկտեմբերի 27-ի ոճրագործության առեղծվածը’

4106

«Հոկտեմբերի 27-ի ոճրագործության առեղծվածը» մի գրքույկի վերնագիր է, որը հրապարակվել է 2007 թվականին։ Այն Հոկտեմբերի 27-ի մասին 2001 թվականից ի վեր մամուլում հրապարակված շուրջ մեկ տասնյակ վերլուծական հոդվածների մի ժողովածու է և Լևոն Տեր Պետրոսյանի՝ 2007 թ. հոկտեմբերի 26-ի ելույթի՝ օրվա խորհրդին վերաբերող ընդարձակ գնահատականը։ Ստորև աննշան կրճատումով ներկայացնում ենք հիշյալ ժողովածուի «Ներածականը»՝ որպես այդ պահին արդեն հայտնի իրողությունների և գնահատականների մի ամփոփում։

 

Իր ցինիզմով անգամ համաշխարհային պատմության մեջ նախադեպը չուներ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճիրը, որ իրականացվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում։

Քաղաքական ահաբեկչությունները, որպես կանոն, ունենում են կազմակերպիչներ և կատարողներ։ Դա նաև տրամաբանական է. ոչ մեկն իր քաղաքական հակառակորդին անձամբ չի վերացնում (նման օրինակներ դժվար է հիշել), այլ վարձու մարդասպանների միջոցով (օրինակներ՝ որքան ուզեք)։ Քանզի քաղաքական ահաբեկչության իմաստը միայն անձի կամ անձանց ֆիզիկական ոչնչացումը չէ, այլ հետապնդում է այդ միջոցով իշխանության տիրանալու, ունեցածը ավելացնելու նպատակներ։ Ուստի պատահական չէ, որ նման դեպքերում կատարողների հարցը ոչինչ է. եթե անգամ նրանք ֆիզիկապես փրկվեն ու անհետանան, կազմակերպիչներին հնարավոր լինի բացահայտել, կարելի է համարել, որ տվյալ գործը լիակատար բացահայտված է։ Այսինքն՝ կատարողները «արժեք» են ներկայացնում այնքանով, որքանով նրանց միջոցով հնարավոր է բացահայտել կազմակերպիչների ինքնությունը։ Ուրեմն՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործների՝ ԱԺ դահլիճ մտնելու և սպանդն իրականացնելու պահից, բնական ու տրամաբանական է, որ յուրաքանչյուրի մեջ անմիջապես և անխուսափելիորեն պետք է առաջանար միակ՝ «ո՞վ, կամ ո՞վքեր են կազմակերպիչները» հարցը։

Այս հարցը կառաջանար և հիմնականը կլիներ նաև այն դեպքում, եթե ոճրագործները բառ անգամ արտասանած չլինեին իրենց գործողությունների ողջ ընթացքում, չճանաչվեին (դիմակավորված լինեին), կարողանային փախչել, կամ սպանվեին տեղում։ Պարզապես այս դեպքերում կդժվարանար կազմակերպիչների բացահայտումը։ Բայց եղավ ամենաանսպասելի տարբերակը։ Նրանք ո՛չ դիմակներով էին, ո՛չ փախուստի փորձ արեցին, ո՛չ էլ սպանվեցին։ Ավելին՝ գործեցին բաց, եղան չափազանց հաղորդակցվող, պարզ ներկայացրեցին իրենց ծրագիրը, բաց հայտարարեցին, որ «հեղաշրջում» են կատարում, կապվեցին դրսում գտնվող կոնկրետ մարդկանց հետ, օժանդակություն և խորհուրդներ խնդրեցին, ազատ կոնսուլտացիաներ անցկացրեցին և, ընդհանրապես, «զրուցասեր» և անմիջական գտնվեցին առաջին իսկ պահից և մինչև վերջ՝ 10 ժամ շարունակ։ Իսկ նմանօրինակ դեպքերի համար եզակիության բարձրակետը, իհարկե, Հանրապետության նախագահ Քոչարյանի հետ ահաբեկիչների հանդիպումը և մեկժամյա դեմառդեմ բանակցությունն էր։ Կարելի է ասել, որ այս ամենով նրանք տվեցին գործի իրական բացահայտման համար առաջին, անկաշկանդ և ամենաարժեքավոր ցուցմունքները։

Չնայած այս ամենին, նախաքննության երկար ընթացքից հետո միասնական գործը բաժանվեց երկու մասի՝ կատարողների և կազմակերպիչների։ Դատարան մտավ գործի առաջին՝ կատարողների մասը։ Սրա հետ կապված մանրամասները բոլորին հայտնի են նկարահանված և ցուցադրված ժապավենների, մեկ ժամից ավելի ուղիղ եթեր գնացած ռադիոհաղորդման, տասնյակ ներկաների հրապարակված ցուցմունքների, դատավարությունից տրվող ամենօրյա ռեպորտաժների շնորհիվ։ Այս մասով, իրոք, բացահայտելու և ապացուցելու ոչինչ չկա։

Մինչդեռ կազմակերպիչների մասով գործը կարճվեց։ Սակայն քանի որ նման դեպքերում հեց սա է հիմնականն ու կարևորը, բնական է, որ առաջին օրից մինչև այսօր դա է եղել հասարակության ուշադրության կենտոնում։ Իսկ ոճրագործների դատավարությունը հետաքրքրություն է ներկայացրել միայն ու միայն այն առումով, որ այդ ընթացքում կարող էին «անջատված մասի»՝ կազմակերպիչների հետ կապված նյութեր ի հայտ գալ։ Բնական է նաև, որ այս ընթացքում գրվել են բազմաթիվ հոդվածներ՝ փորձելով գտնել առաջին իսկ պահից յուրաքանչյուրի մեջ առաջացած «ովքեր են հոկտեմբերի 27-ի հետևում կանգնած» հարցի պատասխանը։

 

ա)Հոկտեմբերի 27-ի և անմիջապես հաջորդող օրերի փաստեր և իրողություններ

Դահլիճ մտնելուց և սպանդն իրականացնելուց անմիջապես հետո ահաբեկիչներն իրենց հայտարարություններով, հեռախոսային խոսակցություններով ու վարքագծով արդեն իսկ առաջին հիմքերը տվեցին հնարավոր կազմակերպիչների հարցով՝ ի դեմս երկրի բարձրագույն ղեկավարության։ Առաջացած կասկածն այնքան խորն էր, որ զինվորական հրամանատարությունը, չվստահելով իր գլխավոր հրամանատար Քոչարյանին և շրջանցելով նրան, իսկույն հստակ ու կտրուկ ինքնուրույն գործողությունների դիմեց՝ իր անմիջական վերահսկողության տակ վերցնելով իրադարձությունները։ Բանակի հրամանատարությանը հաջողվեց կանխել Մոսկվայից հրավիրված «Ալֆա» ջոկատի միջոցով ահաբեկիչներին ֆիզիկապես ոչնչացնելու ծրագիրը։ Առաջացած կասկածի հիմքերը կրկնապատկվեցին ու եռապատկվեցին, երբ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար և խորհրդական Ալեքսան Հարությունյանը հաջորդ օրը վաղ առավոտյան հարբած ու հուսահատ հայտնվեց Պաշտպանության նախարարությունում և փաստորեն հայտնեց կատարված ոճրագործությանը Քոչարյանի, Ս.Սարգսյանի և իր մեղսակցության մասին։

Կազմակերպիչների հարցում հարյուրտոկոսանոց համոզվածության պիկի պայմաններում Վազգեն Սարգսյանի զինակիցներին մնում էր երկու ելք. առաջին՝ այդ համոզմունքի հիմքի վրա դիմել վճռական գործողությունների, ինչը, սակայն կլիներ ինքնադատաստան։ Երկրորդ՝ պահպանել գործադիր իշխանության լծակները, ապահովել գործի օբյեկտիվ քննություն, կազմակերպիչների իրավական բացահայտումն ու օրինական պատիժը։ Երկընտանքի շիկացած մթնոլորտը տևեց երեք-չորս օր։ Քոչարյանը Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին առաջարկեց վարչապետի պաշտոնը։ Վազգեն Սարգսյանի զինակիցների մոտ հաղթեց պետեկան-իրավական գիտակցությունը և ընտրվեց երկրորդ ճանապարհը։ Նրանք վստահ էին, որ առկա փաստերի հիման վրա հնարավոր կլինի գործը օրինական ճանապարհով հասցնել տրամաբանական ելքի։

 

բ) Որոշ գործիչների առաջին ռեակցիան

Չէին կարող ուշադրության չարժանանալ ոճրագործությանը հաջորդած հենց առաջին ժամերից սկսած և հետագա օրերին որոշ գործիչների առաջին արձագանքները։ Շատերի հիշողության մեջ մինչ օրս էլ տպավորված պետք է լինի Վազգեն Մանուկյանի՝ ներքին գոհունակությունը մատնող դեմքը։ Դեմ գնալով տրամաբանության բոլոր կանոններին, այս գործիչներն առաջին իսկ պահից սկսեցին խոսել այն մասին, թե ահաբեկիչները «հավանաբար» միայնակ են գործել, որ նրանց թիկունքում «հազիվ թե որևէ ուժ լինի կանգնած», որ «գործ ունենք մի խումբ ռոմանտիկների» հետ և այլն։ Նույն անհասկանալի տրամաբանությամբ նրանց միացավ նաև Քոչարյանը՝ այն որակելով որպես ընդամենը մի «ուչաստկովիի», այսինքն՝ պարզունակ գործ։ Վերլուծաբաններն իրավացիորեն խիստ կասկածելի են համարում այսօրինակ արձագանքները։ Կարո՞ղ էր ընդհանրապես լինել ինքնագլուխ  գործելու տարբերակ։ Այսինքն՝ ոճրագործներն իրենք որոշել, իրենք էլ արել են։ Տեսականորեն կարող էր։ Սակայն անգամ նախաքննական մարմինը դա չէր կարող ունենալ իր բազմաթիվ վարկածների թվում։ Դրան կարելի էր հանգել միայն վերջում՝ ինքնաբարեբար, երբ մնացած բոլոր՝ տասնյակ հնարավոր վարկածները մանրակրկիտ քննելուց հետո բացառեին։ Այս հիմքի վրա ահա ենթադրվում է, որ, այդ մարդիկ, շտապելով, պարզապես մատնեցին իրենց։

 

գ) Նախաքննության փուլի փաստեր

Այս փուլում ուշադրության են արժանացել մասնավորապես նախաքննական մարմնի վրա Քոչարյանի և Ս. Սարգսյանի կողմից իրականացրած, ինչպես նաև իշխանական մամուլի բացահայտ ճնշումների փաստերը։ Այդ ճնշումներն այնքան բացահայտ էին ու լուրջ, որ դրանց դեմ ստիպված էին պաշտոնապես և հրապարակավ բողոքել նախաքննական մարմինը, զինդատախազը, զոհվածների հարազատները, Հանրապետական կուսակցությունը։ Այս նույն՝ նախաքննության փուլում արձանագրվում է նաև Քոչարյանի հաջողությունները Վ. Սարգսյանի զինակիցների դեմ։ Քոչարյանին աստիճանաբար հաջողվում է պառակտել ու թուլացնել նրանց։ Դրան հետևում է վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնանկությունը։ Հաջորդ քայլով ազատ են արձակվում որպես կազմակերպիչներ, օժանդակողներ և այլ ծանր մեղադրանքներով կալանավորված մարդիկ։ Իսկ այս ամենին էլ հաջորդում է պետական կարևոր պաշտոններից և իշխանական լծակներից Վ. Սարգսյանի զինակիցների զանգվածային հեռացումը։

 

դ) Դատավարության փուլի փաստեր

Այս փուլի իրադարձությունները վերլուծությունների համար նյութ են տվել մի քանի ասպեկտով։ Առաջին. դատարանում ոճրագործներին անսահմանափակ հնարավորություն տրվեց խոսելու և զոհերին՝ մասնավորապես Վ. Սարգսյանին և Կ. Դեմիրճյանին վարկաբեկելու համար։ Երկրորդ. ըստ էության նույն բանն էին անում նաև իշխանամետ լրատվամիջոցները։ Բնական էր ենթադրել, որ թե՛ ոճրագործներին, թե՛ լրատվամիջոցներին հրահանգը տրվել էր նույն կենտրոնից։ Երրորդ. Քոչարյանի նախաձեռնությամբ, օրենքի բացահայտ խախտմամբ, նույն գործով դեռ ամբաստանյալի կարգավիճակում գտնվող և ծանր հանցագործությունների մեջ կասկածվող վեց անձինք «համաներմամբ» ազատ արձակվեցին։ Չորրորդ՝ Քոչարյանը հինգ ոճրագործներին հրապարակայնորեն խոստացավ, որ նրանք մահապատժի չեն ենթարկվի։

Բացի հայտնի փաստերի հավաքումից, համակարգումից և վերլուծությունից, այս ժողովածուի հոդվածներում քննության առարկա են դարձել նաև այն միջավայրի ձևավորումը, որի պայմաններում հնարավոր դարձավ Հոկտեմբերի 27-ի իրականացումը, այն «դպրոցը», որ անցել են ահաբեկիչները և հանցանքին առնչվող նրանց շրջապատը, այն դրդապատճառները, որ կարող էին դրա կազմակերպիչներին մղել այդ քայլին։

Այս ժողովածուում հրապարակվող հոդվածների թիվը կարելի է տասնապատկել, սակայն այսքանն էլ բավական է խնդիրն ըստ էության ներկայացնելու համար։ Սկզբում ներկայացված է Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համապարփակ գնահատականը հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը ու դրա հետևանքներին (այդ գնահատականը նա տվել է 2007թ. հոկտեմբերի 26-ի հանրահավաքի իր ելույթում)։ Մնացած նյութերը դասավորված են ժամանակագրական հաջորդականությամբ։ Ընթերցողի համար դժվար չպետք է լինի նկատել, թե ինչպես են աստիճանաբար ավելացել առաջարկվող վարկածը հաստատող համապատասխան փաստերն ու փաստարկները։ Առաջին հոդվածներում Ռ.Քոչարյանին և Ս.Սարգսյանին կազմակերպիչներ համարելու վարկածը ավելի շատ կասկածի մակարդակում է, իսկ այնուհետև, աստիճանաբար, նորանոր փաստերի ճնշման տակ, կասկածը դառնում է համոզմունք։

* * *

Ոճրագործներին դատապարտեցին։ Քրեական գործի կազմակերպիչների հետ կապված «անջատված մասը» միքանիօրյա դատաքննությունից հետո կարճվեց։

Զոհերի հարազատները և փաստաբանները, բախվելով այդ ընթացքում դատավարական կանոնների բացահայտ խատումների, իշխանական հովանավորչության և նմանօրինակ այլ փաստերի հետ, հրապարակավ արձանագրեցին. «Հոկտեմբերի 27-ի գործը չի բացահայտվի այս իշխանության պայմաններում»։ Եվ դատավարության վերջին այս ակկորդը շարունակելու է հնչել ու ծակել յուրաքանչյուրի լսելիքը, թունավորել յուրաքանչյուրի կյանքը, քանի դեռ խնդիրը կշարունակի կախված մնալ օդում։

Նախորդ հոդվածը‘Սփյուռքահայ գործարարը դիմել է ԱՄՆ դեսպանին’
Հաջորդ հոդվածը‘Իշխանությունները 50 բաժակ «սեմուշկի» փող կտան’