‘Հոմո սափիենսի առաջին հետքերը Հայաստանում 40 հազարամյակի պատմություն ունեն’

983

Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում պատմել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Աղիտու-3 քարայրի (Սյունիքի մարզ) պեղումների ընթացքում հայտնաբերվել են հին շերտեր, որոնք վկայում են այն մասին, որ հոմո սափիենսը Հայաստան է մտել 35-40 հազար տարի առաջ: «Նախկինում մտածում էին, թե դա պետք է տեղի ունեցած լիներ ավելի ուշ: Այժմ մեր պատկերացումները հիմնովին փոխվում են: Դա կարևոր է Աֆրիկայից հոմո սափիենսի միգրացիայի և տարածման ուղիները հասկանալու առումով: Ակնհայտ է, որ Հայաստանը եղել է ոչ միայն նախամարդու, այլև հոմո սափիենսի տարածման կարևոր օջախ» — նշել է նա:

Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆոյին հաղորդել է Աղիտու-3-ի հնագիտական արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, հոմո սափիենսին քարայրի շրջանում հրապուրել են կենդանիները, որոնց նա որսացել է, ինչպես նաև օբսիդիանի լավ աղբյուրները` գործիքներ պատրաստելու համար: Աղիտու-3-ում հայտնաբերվել են կենդանիների մնացորդներ, ոսկրյա իրեր, որոնք, հետազոտությունների արդյունքների համաձայն, 23 հազար տարվա վաղեմություն ունեն:

Կարծիք կար, թե Հայկական լեռնաշխարհը ժամանակակից մարդկանցով բնակեցված չի եղել` մեծ բարձրություններում ցուրտ կլիմայի պատճառով: Այժմ այդ կարծիքը փոխվում է. չէ՞ որ Աղիտու-3-ը գտնվում է ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա: Քարայրի հին բնակչի կյանքը դյուրին չի եղել, հիմնականում` որսորդություն, ձկնորսություն և հավաքչություն: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում ռեկորդային՝ 38-րդ տեղում է’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. Հասարակությունն ամենից քիչ վստահում է մեքենա վերավաճառողներին և պատգամավորներին ‘