‘Հոնդուրասում արտակարգ դրություն է մտցվել Զիկա վիրուսի պատճառով’

1091

Հոնդուրասի կառավարությունը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Զիկա վիրուսի արագ տարածման կապակցությամբ:

Հոնդուրասի առողջապահության նախարարը երկրի բնակիչներին կոչ է արել մաքրել տները և փողոցներից վերացնել ջրի կոնտեյներները, որոնք բարենպաստ միջավայր են վիրուսը տարածող մոծակների համար:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ երեք ամսից պակաս ժամանակում Հոնդուրասում արձանագրվել է այդ վիրուսով վարակվելու 3649 դեպք: Երկուշաբթի Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները վիրուսը բնութագրել են որպես համաշխարհային մասշտաբի սպառնալիք:

Զիկա վիրուսն ավելի հաճախ ախտանշաններ չի ունենում: Հիմնականում այն վտանգավոր է կանանց համար, քանի որ կարող է հղիության դեպքում երեխայի մոտ փոքրագլխություն հարուցել (գանգի չափսերի զգալի փոքրացում, որն ուղեկցվում է նաև մտավոր անբավարարությամբ): Բրազիլիայում այդ ախտորոշմամբ արդեն մի քանի հազար երեխա է ծնվել: Լատինական Ամերիկայի շատ երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են անում հետաձգել երեխա ունենալու ծրագրերը:

2016 թ. հունվարի 26-ի դրությամբ՝ վարակի դեպքեր են գրանցվել Հյուսիսամերիկյան, Հարավամերիկյան և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ավելի քան 25 երկրներում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գորիս-Սիսիան, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները փակ են’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’