‘Հոնկանգյան «անշարժ գույքի արքայադուստրը» բաց նամակով դիմել է հորը’

901

Հոնկոնգի «անշարժ գույքի արքա», միլիարդատեր Սեսիլ Չաո Շեցզյունի դուստրը, որն արդեն ինը տարի է՝ ապրում է կնոջ հետ, բաց նամակով դիմել է հորը՝ հայտարարելով, որ ինքն ընդունակ չէ տարասեռ հարաբերությունների ու ներողություն խնդրելով հոր ակնկալիքները չարդարացնելու համար:

Գիգի Չաոն ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ նրա հայրը խոստացել է 65 միլիոն դոլար տալ այն տղամարդուն, ում կհաջողվի գերել իր լեսբուհի դստեր սիրտը: Հոր շռայլության շնորհիվ աղջիկը ամուսնության հարյուրավոր առաջարկներ է ստացել ողջ աշխարհից, սակայն հավատարիմ է մնացել ընկերուհուն՝ Շոն Իվին:

Անցյալ շաբաթ էլ  Սեսիլ Չաոն մի հարցազրույցում խոստացել է կրկնապատկել պարգևը և հույս է հայտնել, որ դեռ կարելի է փոխել Գիգիին, որն ընդամենը 33 տարեկան է:

Ի պատասխան դրա՝ Գիգի Չաոն, որ հոր ընկերություններից մեկի գործադիր տնօրենն է, հորն է դիմել բաց նամակով, որտեղ խոստովանել է, որ Հոնկոնգում  լավ տղամարդիկ շատ են, բայց իր համար չեն: «Սիրելի հայր, կարծում եմ՝ ժամանակն է պարզ խոսել: Դուք ամենախորաթափանց, եռանդուն, լավ դաստիարակված և աշխատասեր մարդկանցից մեկն եք, որ այս երկիրը երբևէ տեսել է: Ձեր ինքնավստահությունն ու հմայքը լուսավորում են այն սենյակը, ուր դուք ոտք եք դնում: Ես ձեզ շատ եմ սիրում, անսահման հարգում եմ և համարում եմ ընդօրինակման արժանի՝ բիզնեսի աշխարհում,- գրել է Գիգի Չաոն և ավելացրել:- Ցավում եմ, որ դուք չեք պատկերացնում, թե ես որքան երջանիկ եմ Շոնի հետ, և իմ կյանքի որոշ կողմեր դուք չեք ընդունում: Բայց կարծում եմ, որ միասին լինելու համար մենք ձեր հավանության կարիքը չունենք: Նաև ցավում եմ, որ ձեզ մոլորության մեջ եմ գցել, և այսքան ժամանակ դուք մտածել եք, թե ես լեսբական կապերի մեջ եմ, քանի որ արժանի տղամարդ չեմ գտնում: Լավ մարդիկ շատ կան, բայց նրանք ինձ համար չեն: Երջանկություն եմ մաղթում ձեզ: Ձեր համբերատար դուստր Գիգի»,- ասված է բաց նամակում: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Կանադան սահմանափակել է ուկրաինացի պաշտոնյաների մուտքն իր երկիր’
Հաջորդ հոդվածը‘Յացենյուկ. Մայդանը փակելը չի կարող համաներման պայման լինել’