‘Հոսանքազրկումների պատճառով ՀԷՑ-ը 5 մլն դրամ տուգանք կվճարի’

1224

Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ստացած տեղեկության` 2013 թվականի հունիսի 13-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական տարածքում տեղի ունեցած էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատման արդյունքում բազմաթիվ սպառողներ ավելի քան 24 ժամ հոսանքազրկվել են, ինչը հանձնաժողովի որոշմամբ հաստատված էլէներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների խախտում է: Խնդիրը քննարկվելու է այսօր նախատեսված ՀԾԿՀ նիստի օրակարգում: Այս մասին հայտնում են ՀԾԿՀ-ից:

Հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ` կանոնների խախտման փաստի ուսումնասիրության նպատակով: Ընկերությունը գրությամբ հայտնել է, որ 2013 թվականի հունիսի 13-ին ժամը 15:55-ին Երևան քաղաքում գտնվող ԲԵ-10 բաշխիչ ենթակայանը սնող մալուխների վթարային անջատումների և դրան հետևած բաշխիչ ցանցի տասը 6կՎ լարման մալուխների վնասման հետևանքով հոսանքազրկվել են Երևան քաղաքի Բաղրամյան, Թումանյան, Սարմենի, Մոսկովյան, Պլեխանովի, Թամանյան, Դեմիրճյան, Ալիխանյան, Զառուբյան և Անտառային փողոցներում բնակվող 3408 բաժանորդ:

ՀԷՑ-ն ընդունել է կանոնների խախտման փաստը և հայտնել, որ սպառողները, կստանան փոխհատուցում: Հանձնաժողովը 10 օր ժամկետով երկարաձգել է ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը` խնդրելով ներկայացնել էլեկտրակատակարարման արտապլանային ընդհատման արդյունքում հոսանքազրկված այն բաժանորդների ցանկը, որոնց փոխհատուցումը նախատեսվում է վճարել 2013 թվականի հուլիս ամսին: ՀԷՑ-ը ներկայացրել պահանջվող տեղեկատվությունը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի ՏԵ 1169 (Բաղրամյան փողոց, 53 շենք), ՏԵ 5452 (Դեմիրճյան փողոց, 12/14 շենք), ԳԵ 6365 և ԳԵ 1005-ից սնվող բաժանորդները չեն ստացել սահմանված փոխհատուցում, թեև վերջիններիս էլեկտրամատակարարումը վերակագնվել է սահմանված ժամկետների խախտմամբ:

Հանձնաժողովը դիմել է ՀԷՑ-ին այս բաժանորդներին փոխհատուցում չտրամադրելու վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով, սակայն պահանջվող ժամկետում ընկերությունն որևէ պարզաբանում չի ներկայացրել: Այս հիմքով հանձնաժողովը նախատեսում է նախազգուշացնել ՀԷՑ-ին և ենթարկել տուգանքի` 5 000 000 դրամի չափով:

Նախորդ հոդվածը‘2013թ. առաջին հինգ ամիսներին նորածիններին առավել հաճախ անվանել են Նարե և Դավիթ’
Հաջորդ հոդվածը‘«Փարքինգ Սիթի Սերվիսը» պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ ընտանիքին (փաստաթղթեր)’