‘Հովիկը Աբրահամյանը խոսքի տերը չեղավ. «Հրապարակ»’

1758

«Հրապարակը» գրում է. Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետաձգման մասին լուրը Հովիկ Աբրահամյանն այնքան ծանր էր տարել, որ օրեր առաջ այլայլված դեմքով լրագրողներին ասաց, թե հետաձգման պատճառը հայտնի չէ՝ վստահեցնելով, որ hուլիսի 11-ին Սոչիում ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ դա կլինի օրակարգային գլխավոր հարցերից մեկը: Սակայն Սոչի կատարած այցի մասին տարածված հաղորդագրություններում այս թեմայով որևէ հիշատակում չկա: Այդ  այցի մասին «պատումներից» տպավորություն է ստեղծվում, որ Հովիկ Արգամիչի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն ավարտվել է ընդամենը մեկ «ձեռքբերմամբ», այն է՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվել է ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր: Սրանով նախատեսվում է, որ մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից: Ըստ պաշտոնական հաղորդագրության, «համաձայնագիրը նպաստավոր պայմաններ կստեղծի Հայաստանից ՌԴ մեկնող քաղաքացիների, այդ թվում՝ աշխատանքային միգրանտների համար»:  Սա այն դեպքն է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ շարադրվածը համապատասխանում է դառն իրականությանը և բխում է Հայաստանի գործազուրկ բնակչության շահերից: Ռուսաստան «խոպան» մեկնողները գոնե կազատվեն բյուրոկրատական նախկին քաշքշուկներից, քանի որ ՌԴ օրենքները պահանջում էին  միգրանտներից  7 օրվա ընթացքում հաշվառման կանգնել: Այժմ,  փաստորեն, 30-օրյա ժամկետ է սահմանվում:

Այս «ձեռքբերման» վերաբերյալ մեզ հետ զրույցում մանրամասներ հայտնեց Միգրացիոն պետական ծառայության  ղեկավար Գագիկ Եգանյանը: «Ինչքան երկար լինի ժամանակը, այնքան անձանց համար ավելի նպաստավոր պայմաններ են լինելու, ոչ թե ցայտնոտի մեջ կլինեն՝ արագ ժամկետում հաշվառվեն, այլ ավելի հանգիստ կլինեն, քանի որ ժամկետը երկար է, եթե կարճ լինի, բնականաբար, ավելի վատ է»: Ծառայության ղեկավարը վստահեցրեց, որ մեր դաշնակցի այս մեծահոգությունը ԵՏՄ անդամակցության շրջանակում չէր, ավելի վաղ էր նախատեսված անել այս փոփոխությունը, և մեկ ամսից ուժի մեջ է մտնելու: «Սա երկկողմանի հարաբերությունների շրջանակի մեջ իրականացված քայլ է, հայ-ռուսական  համագործակցության խորացման հերթական քայլը»,- հպարտորեն նշեց Եգանյանը: Արդյոք սա չի՞ դյուրացնում և նպաստում արտագաղթին։ «Միգրացիան խթանելու հետ կապ չունի: Միգրացիայի ոլորտում ինչ փոփոխություն լինում է, մարդիկ կապում են արտագաղթի հետ, բացարձակապես: Ուղղակի քաղաքացիներին դյուրին պայման է ստեղծվել հաշվառման համար»: Ի դեպ, Արգամիչի հանդիպումների մասին պատմող հաղորդագրությունում որևէ ակնարկ անգամ չկա, որ ՀՀ վարչապետը ՌԴ վարչապետի հետ խոսել է Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու խնդրից և մինչև հոկտեմբեր հետաձգման պատճառներից:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Դատական դեպարտամենտը ավելի քան 1700 դոլար է ծախսել փաթեթավորման թել գնելու համար. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Թե ինչու է Ս. Սարգսյանը ԱԽՔ-ին գործուղել ընդդիմադիր դաշտ’