‘Հովիկ Աբրահամյանը կոչ է անում Րաֆֆիին՝ շնորհավորել Սերժ Սարգսյանին’

1038

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է Ժառանգության հետ քննարկել հետընտրական զարգացումների թեման:

«Մեզ միանալու պատրաստակամություն է հայտնել նաեւ ՀՅԴ-ն: Հիմա մենք աշխատում ենք հայտարարության տեքստի վրա, եւ եթե հնարավոր լինի հրավիրել արտահերթ նիստ, ապա մենք կքննարկենք հետընտրական զարգացումները, իսկ եթե ոչ, ապա իրադարձությունները կզարգանան այնպես, ինչպես հիմա ընթանում են»,- ասել է  Հովիկ Աբրահամյանը:

Անդրադառնալով վերջին օրերի հրաժարականներին՝ Աբրահամյանը նկատել է, որ «ՀՀԿ-ն պարտվել է ընդամենը 75 համայնքում»: Ըստ նրա, պարտադիր չէ, որ այդ համայնքների ղեկավարները հրաժարական ներկայացնեն:

«Համայնքի ղեկավարը չպետք է պատասխան տա: Ինչպես Շիրակի մարզպետի, այնպես էլ Արմավիրի քաղաքապետի հրաժարականները իշխանության կողմից պարտադրված չեն եղել»,- ասել է ԱԺ նախագահը:

Վկայակոչելով Սերժ Սարգսյանին շնորհավորած երկրների ղեկավարներին, Հովիկ Աբրահամյանը խորհուրդ է տվել Րաֆֆի Հովհաննիսյանին հետեւել «էսքան երկրների նախագահներին եւ շնորհավորել Սերժ Սարգսյանին:

Ըստ նրա` ընտրությունները մեկ քայլ առաջ էին, եւ դա են վկայում միջազգային դիտորդների եզրակացությունները:

Նա հույս է հայտնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կոշտ ելույթները «անօրինական գործողությունների չեն վերածվի»: 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը կշարունակի ղեկավարել Տիգրան Սարգսյանը.. Արգամիչը մտքափոխ է եղել’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբարում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել’