‘Հովիկ Աբրահամյանը չգիտի, թե ով է Վանաձորի Քիմպրոմի սեփականատերը’

1328

Լոռու մարզ կատարած այցի ընթացքում այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է  նաեւ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ:

Aravot.am-ի փոխանցմամբ, Աբրահամյանը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի քիմպրոմցիների աշխատավարձերի խնդիրը լուծվի:

«Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի ձեր աշխատավարձի խնդիրը լուծվի: Ես շատ կարեւորում եմ, որ գործարանը աշխատի, եթե կառավարությունից կախված հարց լինի, մենք կօգնենք, որ մարդիկ աշխատեն, աշխատանք ունենան, արտագաղթը նվազեցնենք, այդ չարիքից պրծնենք»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:

Հովիկ Աբրահամյանը խոստացել է նաեւ խոսել էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Մովսիսյանի հետ` խոստացված մեկ ամսվա աշխատավարձի պարտքի վճարման հարցով:

Ուշագրավ է, որ Հովիկ Աբրահամյանը նշել է, թե չի ճանաչում Հայաստանի խոշոր արդյունաբերական հիմնարկներից մեկի՝ Վանաձորի Քիմպրոմի ներկայիս սեփականատիրոջը, սակայն գիտի, որ նրա անունից հանդես է գալիս Արմեն Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին Վանաձորի Քիմպրոմի աշխատակիցները մի քանի անգամ բողոքի ցույց են արել՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը: Հուլիսի 16-ին նրանք հանդիպել են Արմեն Մովսիսյանի հետ, որը որոշակի խոստումներ է տվել աշխատակիցներին. հայտնի չէ, սակայն, թե ում անունից: Մովսիսյանը մասնավորապես, խոստացել է, որ մինչեւ օգոստոսի 10-ը կվճարեն աշխատակիցներին մեկ ամսվա աշխատավարձը, ապա ասել է, թե կաշխատեն գործարանի մի քանի արտադրամասեր եւ երեք ամսվա ընթացքում կփակեն աշխատավարձի գծով բոլոր պարտքերը: 

Նախորդ հոդվածը‘Ղրիմում նոր բջջային օպերատորի սեփականատերը հայկական ընկերություն է’
Հաջորդ հոդվածը‘Շանթի գործով վկա. Ոստիկանները երթի մասնակիցներին չեն հորդորել դուրս գալ փողոցի երթեւեկելի մասից’