‘Հովիկ Աբրահամյանի դերն ու հեռանկարը ‘

2593

Համաժողովրդական հզոր ալիքը կանխազգալով, ապրիլ ամսին ռեժիմի պարագլուխը որոշեց պաշտոնանկ անել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Չնայած բազմաթիվ հրապարակային հավաստիացումներին, որ Տ. Սարգսյանի հրաժարականի հարց օրակարգում չկա, Ս. Սարգսյանն իր աթոռը կորցնելու ահից դիմեց այդ քայլին: Վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը: Անկասկած, դրան նախորդել են ստվերային պայմանավորվածություններ և պարտավորություններ: Հակառակ պարագայում ինչու պետք է վարչապետ նշանակվեր զրո հանրային հեղինակությամբ մի անձ:

Կետ առ կետ բացենք Հ. Աբրահամյանի ստվերային պարտավորությունները: Սա արվում է ոչ թե վերջինիս հանդեպ տածած հետաքրքրության, այլ առաջիկա քաղաքական զարգացումներին ընդառաջ մութ կետերը բացառելու պատմական անհրաժեշտությամբ: Եվ այսպես, որոնք են Հ. Աբրահամյանի նշանակման ստվերային պատճառները:

Պատճառ առաջին. Ս. Սարգսյանը հոգու խորքում հույս ուներ, որ Հովիկ Աբրահամյանին նշանակելով վարչապետ, կկարողանա օգտագործել Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած խնամիական կապերը, և ԲՀԿ-ին կներգրավի նոր կոալիցիոն կառավարության մեջ, կփլուզվի ոչ իշխանական ուժերի համագործակցությունը, և իշխանությունը կստանա հետագա թալանի ու վերարտադրման նոր ռեսուրս: Ինչպես ցույց տվեցին հաջորդող օրերը, Գագիկ Ծառուկյանն իր արժանապատվությունը և Հայաստանի շահը ավելի բարձր գնահատեց, հրաժարվելով կոալիցիոն առաջարկներից: Ծառուկյանը իր հայտնի հարցազրույցում շեշտեց, որ բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ, և ինքը պահանջատեր է իր նախորդ ասածներին: Փաստորեն, Ս. Սարգսյանի առաջին սցենարը չիրականացավ:

Պատճառ երկրորդ. Զրոյական վարկանիշով երկու մարդ` Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը, բնականաբար ձգտում են վերարտադրվել: Դրա միակ տարբերակը, իրենց հաշվարկներով, Սահմանադրական հանրաքվեն է ու երկրի կառավարման համակարգի փոփոխությունը: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը պայման է դրել Հովիկ Աբրահամյանի առաջ` ամեն գնով հասնել սահմանադրական փոփոխություններին: Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին դիտարկում է ընդամենը` որպես ընտրակեղծարարների բանդայի ղեկավար: Ի դեպ, այդպիսի նախադեպ արդեն եղել է: Ընդամենը մի քանի տարի առաջ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը պաշտոնանկ արվեց և նշանակվեց Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ` «Նորմալ կկեղծես ընտրությունները` կնշանակվես ԱԺ նախագահի պաշտոնում» ստորացուցիչ բանաձևով: Ինչպես գիտենք, Հ. Աբրահամյանը գործը արեց «պատշաճ մակարդակով»: Հիմա մոտավորապես նույն խնդիրն է դրվել Հ. Աբրահամյանի առաջ: Անցկացնել սահմանադրական հանրաքվե, փոխել պետության կառավարման մոդելը, Սերժ Սարգսյանի համար ապահովել ԱԺ նախագահի պաշտոնը, և դրա դիմաց Հովիկ Աբրահամյանը կմնա վարչապետ: Բայց միայն առաջին հայացքից են Հովիկ Աբրահամյանի ներկա և նախորդ հանձնարարականներն իրար նման: Բոլորը հասկանում են, որ իրագործման տեսակետից չափազանց դժվար է լինելու կոտրել քաղաքական ուժերի մեծ մասի հստակ դիմադրությունը, չափազանց դժվար է լինելու տնտեսական կոլապսի և սոցիալական այս ծանրագույն պայմաններում անցկացնել նման կարևորության հանրաքվե և վերարտադրել Հայաստանը կործանման հասցրած Սերժ Սարգսյանին: Ինչ-ինչ, բայց Հովիկ Աբրահամյանը միշտ աչքի է ընկել զգուշավորությամբ և փայլուն հասկանում է, որ եթե, այնուհանդերձ, փորձեն գնալ հանրաքվեի, ապա դա վերածվելու է Սերժ Սարգսյանի և իր հրաժեշտի հեղափոխության: Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանի հրաժարականը մտնում է Հովիկ Աբրահամյանի տեսական ծրագրերի մեջ, ապա սեփականն անկասկած ցանկալի չէ: Այնպես որ, անպատվաբեր պարտավորությունն իր վրա վերցնելուց առաջ` ճիշտ կլիներ, որ Հ. Աբրահամյանը սառը հաշվարկների միջոցով հաշվարկեր հեռանկարները: Իհարկե, Սերժ Սարգսյանը կարող է սպառնալ վարչապետ Աբրահամյանին, թե հակառակ պարագայում` պաշտոնանկ կանի իրեն, սակայն, թե՛ մեկը, թե՛ մյուսը հասկանում են, որ այս պահին Ս. Սարգսյանը որևէ ռեսուրս չունի կտրուկ քայլ անելու համար, քանզի հասարակության մեջ հասունացել է այն համոզմունք, որ խնդիրը կառավարության մեջ չէ, այլ մեկ անձի` Սերժ Սարգսյանի և նրա նեղ թիմի:

Նախորդ հոդվածը‘Չախ-Չախ թագավոր’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը առնվազն տասն օր փակ է լինելու’