‘Հովհաննես Պողոս II պապը սրբերի շարքը կդասվի 2014 թ. ապրիլին’

1139

Կաթոլիկ եկեղեցին սեպտեմբերի 30-ին հայտարարել է երկու նախկին պոնտիֆիկոսներին՝ Հովհաննես XXIII-ին և Հովհաննես Պողոս II-ին սրբադասելու վերջնական ժամկետը, հաղորդել է France-Presse գործակալությունը: 20-րդ դարի երկրորդ կեսին եկեղեցին գլխավորած Հռոմի երկու պապերի սրբադասման գործընթացը կավարտվի Վատիկանում 2014 թ. ապրիլի 27-ին: Այս որոշման մասին հայտարարել է ներկայիս Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ողջ աշխարհի կարդինալների հետ հանդիպումից հետո: Փորձագետների կարծիքով՝ երկու հանրաճանաչ պապերի միաժամանակյա սրբադասումը պետք է ծառայի Կաթոլիկ եկեղեցու միավորմանը. Հովհաննես XXIII-ը պահպանողականների համար ամենահեղինակավոր պոնտիֆիկոսներից մեկն է, իսկ Հովհաննես Պողոս II-ը հարգված է ազատական հոտի շրջանակներում:

Սրբերի շարքը դասելու որոշումն ընդունվել է հրաշք գործելու երկու դեպքերի հաստատումից հետո: Բժշկական և աստվածաբանական հանձնաժողովները հաստատել են, որ Հովհաննես Պողոս II-ի աղոթքներից հետո Կոստա-Ռիկայում բուժվել է անբուժելի հիվանդ մի կին: Դրանից առաջ ճանաչել էին, որ Հովհաննես Պողոսը բուժել է ֆրանսիացի միանձնուհուն, որը նրան սկսել է աղոթել պապի մահից հետո: Հովհաննես XXIII-ի կանոնականացման դեպքում  Ֆրանցիսկոսը զիջման է գնացել, քանի որ հնարավոր է եղել հաստատել ընդամենը մեկ հրաշք, և նրան սրբադասելու են ընդհանուր առմամբ եկեղեցու առջև ունեցած ծառայությունների համար:

Ներկայում Հովհաննես XXIII-ը և Հովհաննես Պողոս II-ը սրբերից մի մակարդակ ցածր են. նրանց ընդունված է անվանել «երանելիներ»:

«Բարի պապ» մականունը ստացած Հովհաննես XXIII-ը եկեղեցին գլխավորել է 1958-1963 թթ.: Նրա օրոք Կաթոլիկ եկեղեցին մշտապես բարեփոխումներ է անցկացրել և արդիականացվել է: Հովհաննես Պողոսը Հռոմի կաթոլիկ եկեղեցին գլխավորել է 1978-2005 թթ.: Ակտիվ սոցիալական, մարդասիրական և քարոզչական գործունեության շնորհիվ նա մեծ հեղինակություն և հարգանք է ձեռք բերել ողջ աշխարհում, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը «Ֆրայբուրգի» դեմ խաղում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սուրիկ Խաչատրյանը խոստովանում է, որ 1994-ին Գորիսում իշխանափոխություն է կազմակերպել’