‘
Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ինչպես մեր պաշտոնյաների բացարձակ մեծամասնությունը, շատ ազնիվ է և ունի հումորի բացառիկ զգացում: Դա պարզվել է երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի երկու հարցերին նրա տված կարճ պատասխաններից:
«Մարզպետ նշանակվելը ինչպե՞ս կազդի ձեր բիզնեսի վրա»,- երեկ կառավարության նիստից հետո հարցրել է թերթի թղթակիցը (Արամայիս Գրիգորյանը «Ավշարի» սեփականատերն է):
«Ես այժմ որեևէ բիզնեսով չեմ զբաղվում: Բնականաբար, անցնելով պետական աշխատանքի՝ զբաղվելու եմ պետական գործունեությամբ»,- շատ ազնվորեն ասել է նորանշանակ մարզպետը՝ հավելելով, որ այլևս «Ավշարի» սեփականատերը չէ: Եվ ուրեմն՝ ապրելու եք աշխատավարձո՞վ, հարցրել է թղթակիցը: «Այո»,- նույնքան ազնվորեն պատասխանել է մարզպետը: Իսկ ի՞նչ է արել Արամայիս Գրիգորյանը, «Ավշարի» բաժնետոմսերը վաճառե՞լ է՝ հարցրել է թղթակիցը: «Այո, վաճառել եմ քեզ»,- հումոր է արել նորանշանակ մարզպետը:
‘