‘Հույս ունեմ՝ ընդմիշտ փակել ենք քաղաքականությանը բանակի կողմից ուղղակի կամ անուղղակի միջամտությունների էջը’

1712

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին: 

Փաշինյանը նաեւ հանդես է եկել ելույթով, որտեղ նախ կարեւորել է զինծառայողների նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարելու հարցը:

«Մենք, ի վերջո, պետք է կարողանանք ժամկետային զինծառայողներին բարձր մակարդակով ապահովել այն բոլոր նյութական միջոցներով»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ԳՇ նորանշանակ պետից ակնկալում է, որպեսզի զինվորների ծնողները դադարեն իրենց երեխաներից ստանալ ներքնաշոր, համազգեստ, հիգիենայի պարագաներ խնդրելու վերաբերյալ պարբերական զանգեր: 

Փաշինյանը անդրադարձել է նաեւ քաղաքական հարցերում բանակի միջամտությունը բացառելու հանգամանքից:

«Հույս ունեմ, որ մենք մեկընդմիշտ փակել ենք քաղաքականությանը բանակի կողմից ուղղակի կամ անուղղակի միջամտությունների էջը: Բանակը պաշտպանում է մեր երկրի սահմանները, անվտանգությունը: Բանակ ասելով՝ ես ընկալում եմ զինվոր, որը դեմքով կանգնած է դեպի հակառակորդը և թիկունքով կանգնած է դեպի հայրենիքը: Վստահ եմ, որ բանակը քաղաքական առումով ետ նայելու իրավունք չունի: Բանակի աչալուրջ հայացքը պետք է ուղղված լինի դեպի հակառակորդը, և այդ սկզբունքը պետք է պահպանել ու պաշտպանել բոլոր մակարդակներում»,- ասել է Փաշինյանը: 

 

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Բաբլոյան. Եթե գործարար է, դեռ գող ու ավազակ չէ’
Հաջորդ հոդվածը‘Նոր պատգամավոր եւ ավագանու նոր անդամներ’