‘Հունաստանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել խորհրդարանի մոտ խմբված ցուցարարների դեմ’

834

Հունաստանի ոստիկանության հատուկ ջոկատայինները կիրակի երեկոյան ստիպված են եղել երկու անգամ արցունքաբեր գազ կիրառել՝ խորհրդարանի շենքի հարակից հրապարակում խմբված ցուցարարներին ցրելու նպատակով, տեղեկացնում է РИА Новости-ն:

Հարյուրավոր մարդիկ երկար ընդմիջումից հետո առաջին անգամ դուրս էին եկել «բարկացած քաղաքացիների» շարժման միջոցառմանը մասնակցելու: Այս շարժումը պայքարում է ԵՄ-ից և ԱՄՀ-ից վարկեր ստանալու նպատակով Հունաստանում ներդրված պետական ծախսերի մեծածավալ կրճատման քաղաքականության դեմ:

Արցունքաբեր գազը կիրառվել է ցուցարարներին խորհրդարանի շենքի ժամանակավոր ցանկապատից և դրա հարևանությամբ գտնվող անհայտ զինվորի գերեզմանից հեռու պահելու, ինչպես նաև մոտակա ավտոճանապարհներից մեկում խմբված ցուցարարներին ցրելու նպատակով:

Հիշեցնենք, որ այս օրերին Հունաստանի կառավարությունը պետական համակարգի աշխատակազմում կրճատումներ մտցնելու և մի շարք այլ խնայողություններ կատարելու վերաբերյալ բանակցություններ է անցկացնում միջազգային վարկատուների եռյակի հետ (ԵՄ, ԵԿԲ, ԱՄՀ): 

Նախորդ հոդվածը‘Հաջորդ տարի Հայաստանում կկառուցվի առաջին դիակիզարանը’
Հաջորդ հոդվածը‘Բաքվում ձերբակալված 60 անձանցից 12-ը կանգնելու են դատարանի առաջ (տեսանյութ)’