Հունաստան․ Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները

311

Հունական Լարիսա քաղաքի մերձակայքում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, տասնյակ մարդիկ անհետ կորել են։

Իշխանությունների տվյալների համաձայն՝ տուժել է 70-ից ավելի մարդ, 66-ը հիվանդանոցում են, նրանցից վեցը՝ վերակենդանացման բաժնում։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը այցելել է աղետի վայր, նա նշել է, որ աղետի պատճառը կարող է եղած լինել «մարդկային գործոնը»։

Ըստ փրկարար ջոկատի հրամանատար Իոաննիս Կսանտոպուլոսի՝ «գնացքի առաջին երկու վագոնները և լոկոմոտիվը վերածվել են մետաղի զանգվածի, այնտեղ հրդեհ է բռնկվել, փրկարարական աշխատանքը չափազանց դժվար է․ հրշեջներն արդեն կրակը մարել են, բայց իրենք չեն կարողանում մոտենալ, որովհետև մետաղը սոսկալի տաքացած է»։

Հունաստանի տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը նույնպես այցելել է աղետի վայր, ապա հրաժարական է տվել։ Կայարանապետը, որն ընդունել է, որ ճակատագրական սխալ է թույլ տվել (նա մարդատար գնացքին սխալ ուղի է տվել), ձերբակալվել է։

Անհետ կորածների որոնումները շարունակվում են։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՄարտի 2-ին G20 երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Նյու Դելիում
Հաջորդ հոդվածըՆարենդրա Մոդի․ Միջազգային հանրությունն ընդունակ չէ կանխելու հակամարտությունները