‘Հունգարացի օլիմպիական մարզիկներն ահաբեկչության սպառնալիք են ստացել’

828

Հունգարիայի ազգային օլիմպիական կոմիտեն նամակ է ստացել, որում սպառնում են  Սոչիի առաջիկա Օլիմպիական խաղերի ընթացքում մարզիկների նկատմամբ ահաբեկչություն իրականացնել: Այդ մասին, Reuters-ի տվյալներով, տեղական ԶԼՄ-ներին պատմել է օլիմպիական կոմիտեի նախագահ Ժոլտ Բորկայը:

Ինչպես ճշտել է  ԱՕԿ գլխավոր քարտուղար Բենցե Ժաբոն, էլեկտրոնային փոստով ուղարկված և ռուսերեն ու անգլերեն  լեզուներով նույնպիսի նամակ ստացել է նաև Միջազգային օլիմպիական կոմիտեն: Ով է նամակն ուղարկողը՝ չի հստակեցվում, փոխանցում է Kisalfold.hu պարբերականը: Հունգարական թիմը, սպառնալիքը լուրջ համարելով,  նամակի մասին տեղեկացրել է ռուսաստանյան գործընկերներին, ՄՕԿ-ին, նաև հունգարական հատուկ ծառայություններին: Հայտնի չէ, թե արդյո՞ ք ուրիշ երկրների մարզիկներ նույնպես ստացել են նման սպառնալից նամակներ: Ժաբոն հույս է հայտնել, որ ուղերձը թիմի պլանների վրա չի ազդի:

Ավելի վաղ Associated Press-ը հաղորդել էր, որ «Վիլայաթ Դաղստան» խմբավորման ենթադրյալ անդամները տեսաուղերձ են  հղել, որում խոստանում են ահաբեկչական գործողություններ իրականացնել Սոչիի Օլիմպիադայում: Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ ռուսաստանյան հատուկ ծառայությունները չեն բացառում Սոչիում առնվազն չորս «սև այրիների» (զոհված ահաբեկիչների այրիների) հայտնվելը: Մասնավորապես՝ համացանցում  տեղադրվել է Սալիմա մականունով 22-ամյա աղջկա  լուսանկարը, որին ՆԳՆ-ն համարում է հավանական մահապարտուհի, փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Բանակի օրվա կապակցությամբ քաղաքացիները կհանգստանան եւս 4 օր’