Հունգարիա․ Օրբանը հանրաքվե է հայտարարել «ԼԳԲՏ-ից երեխաների պաշտպանության» հարցով

458

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր կառավարությունը նախաձեռնում է հանրաքվե՝ երեխաների պաշտպանության վերաբերյալ օրենքի մասին։ Այդ օրենքը Եվրամիության կառավարությունները և Եվրահանձնաժողովը խիստ քննադատել են՝ որպես սեռական փոքրամասնություններին ճնշող օրենք։

Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովը Հունգարիային՝ որպես Եվրամիության երկրի, տեղեկացրել է, որ նրա դեմ իրավաբանական գործընթաց է սկսում, որն ի վերջո կարող է հասնել նրան, որ գործը քննվի Եվրոպական դատարանում։ Բացի այդ, Եվրահանձնաժողովը սառեցրել է Հունգարիայի դիմումը՝ համավարակի հետևանքների դեմ պայքարի եվրոպական ընդհանուր ֆոնդից իր բաժին մի քանի միլիարդ եվրոյի վերաբերյալ։

Մինչ այդ, հունիսի սկզբին Հունգարիայի ընդունած  օրենքը երեխաների պաշտպանության մասին, ավելի ճիշտ՝ վերջին պահին այդ օրենքում արված լրացումը, որը վերաբերում է սեռական դաստիարակությանը և սեռական փոքրամասնություններին, դատապարտել են ԵՄ 27 երկրներից 17-ի ղեկավարներն ու կառավարությունները։

Ի պատասխան՝ Վիկտոր Օրբանը տեսաուղերձով հայտարարել է, թե «Հունգարիան այդ լրացումներին վերաբերող թեմաներով հանրաքվե կանցկացնի»։ «Խաղադրույքի է մեր երեխաների ապագան, և մենք իրավունք չունենք նահանջելու»,- հայտարարել է Հունգարիայի վարչապետը։

Օրբանը չի ճշտել, թե երբ է տեղի ունենալու հանրաքվեն, բայց ասել է, որ քվեաթերթիկում մի քանի հարց կլինի․ արդյո՞ք քաղաքացիները համաձայն են, որ դպրոցում դասեր լինեն սեռական կողմնորոշման մասին՝ առանց ծնողների համաձայնության, արդյո՞ք երեխաներին անհրաժեշտ է քարոզել սեռափոխությունը և այլն։ Երեխաների պաշտպանության վերաբերյալ նոր օրենքն այս ամենը արգելում է, ինչպես նաև սեռական փոքրամասնություններին և սեռափոխությանը վերաբերող որևէ սյուժեի ցուցադրություն հեռուստատեսությամբ՝ մինչև երեկոյան ժամը 11-ը և առանց 18+ նշման։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Ռոման» հաղթեց ընկերական խաղում, Մխիթարյանը մեկնարկային կազմում էր (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 225 նոր դեպք, 91 առողջացած, 2 մահ