‘Հունիսի 17-ին խորհրդարանում տեղի կունենան էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հարցի շուրջ լսումներ’

793

Այն փաստը, որ 2009 թվականից ի վեր էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում երեք անգամ բարձրացել են, նշանակում է, որ հանրապետության տնտեսությունն անկանխատեսելի է, ինչը ներդրողներին հետ է պահում երկարաժամկետ ներդրումներից Հայաստանի տնտեսությունում: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում:

Նրա ասելով՝ չկա ոչ մի երաշխիք, որ ամենամոտ ապագայում էլեկտրաէներգիայի սակագները կրկին չեն բարձրացվի: «Վատն այն է, որ  մենք, նույնիսկ, չգիտենք պատճառը, թե Հայաստանի էլեկտրացանցերն ինչու են վնասով աշխատում, արդյո՞ք դա օբյեկտիվ նախադրյալներ ունի, թե՞ սուբյեկտիվ, արդյոք դա անարդյունավետ վարչարարության արդյո՞ւնք չէ: Մինչդեռ Հայաստանի իշխանությունները միշտ պնդել են, թե հանրապետության էներգահամակարգը լավագույններից մեկն է», — նշել է պատգամավորը՝ ընդսմին հավելելով, որ հունիսի 17-ին Ազգային ժողովում կընթանան ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումներ:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն իր հերթին հայտարարել է, որ էլեկտրաէնրեգիայի սակագների բարձրացումը բյուջեի միջոցները համալրելու եղանակ է: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բյուջեի ֆինանսական ճեղքվածքը կազմում է ընդամենը 20 մլրդ դրամ: Սակագների բարձրացումից հետո այդ գումարը կվերականգնվի, իսկ հետո` ի՞նչ, գները կրկին կիջեցվե՞ն, դե իհարկե` ոչ: Այդ միջոցները կգնան պետբյուջե», — բացատրել է խորհրդարանականը:

Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու անհրաժեշտության վերաբերյալ իրավասու մարմինների բացատրությունները համոզիչ չեն, և իրենց կուսակցությունը բոլոր միջոցներով պայքարելու է այդ որոշման դեմ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում նախատեսվում է բարձրաձնել  1 կՎտ/ժ դիմաց 3,8-4,3 դրամով: 

Նախորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ-ն նախազգուշացրել և տուգանել է մի շարք ընկերությունների’
Հաջորդ հոդվածը‘Սմբատ Այվազյանի մարմինը հողին հանձնվեց Եռաբլուրում (լուսանկարներ)’