‘Հռոմեական դերբի, «Լիվերպուլ» — «Արսենալ» և ևս 4 հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1111

Ինչպես ամառային Օլիմպիական խաղերը երբևէ ունակ չեն եղել շեղելու ֆուտբոլասերների ուշադրությունը այդ նույն տարում անցկացվող Եվրոպայի առաջնություններից , այնպես էլ ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկը ունակ չէ շեղել եվրոպական ֆուտբոլային ուիքենդում սպասվող հանդիպումներից: Հատկապես որ «Լացիո» — «Ռոմա», ՊՍԺ — «Մոնակո» և «Լիվերպուլ» — «Արսենալ» ազդագրերով հագեցած ուիքենդը դժվար է համարել հերթական:

«Լիվերպուլ» — «Արսենալ»

Շաբաթ, ժամը 16:45

Անգլիայում լավագույն խաղը ցույց տալիս է «Մանչեստեր Սիթին», «Չելսին» կարողանում է երկու անգամ հաղթել այդ թիմին, իսկ ահա առաջատարի դիրքում շարունակում է մնալ «Արսենալը»: Այսպիսի տեսք ունի «Պրեմիեր լիգան» այս պահին, որտեղ մրցաշրջանի սկզբից ի վեր «Էնֆիլդում» հանդիպող մրցակիցներին շատերը վերաբերվում էին որպես «դուրսպրծուկների»: Եվ եթե Ռոջերսի սաները տուժեցին «բոքսինգ դեյսի» օրերին բաժին հասած դժվարին խաղացանկից, ապա «զինագործների» համար հիմա է սկսվում մրցաշրջանի ամենաբարդ փուլը, որի ժամանակ նրանք 11 օրվա ընթացքում կհանդիպեն «Լիվերպուլի», «Յունայթեդի» և «Բավարիայի» հետ: Եթե Վենգերի թիմի հավակնությունները լուրջ են, նրանք պետք է դա ապացուցեն հենց այսօրվանից: Ցավալի է միայն, որ երկու թիմերն էլ զգալի կորստներ ունեն, տանտերերից հանդիպումը բաց կթողնեն Խոսե Էնրիկեն և Սախոն, իսկ հյուրերի կազմում վնասվածք և որակազրկումներ ունեն Ռեմսին, Ուիլշերը և Ֆլամինին:

«Ռեալ Մադրիդ» — «Վիլյառեալ»

Շաբաթ, ժամը 23:00

«Սերուցքայինների» համար «գոյատևել առանց Ռոնալդու» առաքելությունը տոներից առաջ անհնար կթվար, բայց Անչելոտտիին նոր տարում հաջողվեց կարգավորել պաշտպանությունում խաղը, ազդել Մոդրիչի կատարելագործման վրա, բացի այդ՝ իտալացին սկսեց թիմի մեկնարկային կազմում վստահել Խեսեին: Բացի այդ՝ շարք է վերադարձել Գարեթ Բեյլը: Այս տուրում «Ատետիկոյին» մոտենալը և Բարսայից պոկվելը բավական իրատեսական է թվում, չնայած «դեղին սուզանավի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը «Սանտյագո Բերնաբեուում» հաղթել է շատ ավելի ցածրակարգ թիմով՝ 2006-ին «Ռեկրեատիվոյի» հետ 0-3 հաշվով:

«Նապոլի» — «Միլան»

Շաբաթ, ժամը 23:45

Մինչ «Սերիա Ա-ի» տուրի կենտրոնական իրադարձությունը՝ «Սան Պաուլո» մարզադաշտում կհանդիպեն երկու տարբեր տրամադրություններ ունեցող մասնագետներ: Բենիտեսին քննադատում են ոչ միայն լրատվամիջոցները և հատկապես՝ Մատերացին, ում հակակրանքը իսպանացու հանդեպ վաղուց հայտնի փաստ է, իսկ Զեյդորֆի հասցեին սկսում են գովեստի խոսքերը, բացի այդ՝ ակումբի ներսում նկատվում է որոշակի միասնություն՝ միլանցիների համար հաջող տրանսֆերային պատուհանից հետո: Սա խաղ է ոչ «Սկուդետտոյի», ոչ էլ ՉԼ-ի գոտու համար, բայց բաց թողնել Բալոտելլի — Իգուաին և մի շարք այլ հակամարտություններ, միևնույն է, չարժե:

«Լացիո» — «Ռոմա»

Կիրակի, ժամը 18:00

Ռուդի Գարսիայի «Ռոմային» ավելի լուրջ սկսեցին ընկալել միայն մրցաշրջանի առաջին դերբիում հաղթանակից հետո: Դրանից հետո «գայլերը» «Սերիա Ա-ում» գրանցեցին շարունակվող հաղթանակների շարքի նոր ռեկորդ, իսկ Տոտտիի վնասվածքից հետո չկարողացան խուսափել խաղային փոքր ճգնաժամից և կորցրին «Սկուդետտոյի» վերաբերյալ տեսիլքները Յուվեի դեմ խաղից հետո: Այժմ նրանք այն թիմն են, որը հիմնավորվել է ՉԼ-ի գոտում և մոտ է գավաթի եզրափակիչ դուրս գալուն ու պատրաստ է օգտվել Յուվեի հնարավոր սայթաքումից, ոչ ավելին: Իսկ ահա «Լացիոյի» համար այս մրցաշրջանը ևս ստացվեց անցումային, և դերբիում հաղթանակը կարող է վերածվել նրա միակ վառ հիշողությանը:

«Մոնակո» — ՊՍԺ

Կիրակի, ժամը 23:55

Ֆրանսիական նորահայտ գրանդների առաջին մրցափուլի փարիզյան դիմակայությունը այդքան էլ տպավորիչ չստացվեց: Եվ այժմ թվում է, թե սա վերջին հնարավորությունն է «Լիգա 1-ի» համար՝ մեզ համոզելու, որ Ֆրանսիայի չեմպիոնի հարցը վճռված չէր մրցաշրջանի մեկնարկից առաջ: Չնայած՝ Ֆալկաոյի վնասվածքն ու Իբրայի կարիերայի լավագույն մրցաշրջանն անցկացնելու փաստը, միևնույն է, չեն թողնում լուրջ վերաբերվել «Մոնակոյի» հավակնություններին: Թիմի սեփականատիրոջ՝ Ռիբոլովլևի համար ևս սա, իհարկե, տարվա խաղն է, քանի որ միայն եվրոպական գրանդի հետ խաղը կարող է օգնել որոշել Ռանյերիի ապագան:

«Սևիլյա» — «Բարսելոնա»

Կիրակի, ժամը 23:59

Այսպիսի տգեղ և անմիտ Բարսա, ինչպիսին էին կատալոնացիները «Վալենսիայի» և «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղերում, չէր եղել Ռայկարդի՝ Բարսայի ղեկին վերջին մրցաշրջանից ի վեր: Հնարավոր է՝ «կուլեների» խաղի որակից ավելի մտահոգիչ է Մեսսիի տրամադրությունն ու դեմքի

արտահայտությունը խաղերի ընթացքում, արգենտինացին, ամեն դեպքում, ամենից շատն է ստեղծում և փորձում սրել խաղը, բայց տպավորությունը, որ Լեոն կոտրված է, և նրան մտահոգում է միայն «Մունդիալը», մնում է շատ հաստատուն: «Սանչես Պիսխուանում» ոչ մի դեպքում հեշտ չի լինի, հատկապես՝ եթե հաշվի առնենք, որ տանտերերի առաջատար Ռակիտիչը հենց Բարսայի դեմ խաղում կցանկանա համոզել Տատային, որ իրենից լավ «նոր Չավի» հնարավոր չէ գտնել:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘ՕԵԿ պատգամավորը թաքցնում է ունեցվածքը. «Ժողովուրդ»’