‘Հռոմի պապը արգենտինացիներից պահանջել է հանել իր արձանը’

846

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի արձանը, որը տեղադրվել էր Բուենոս-Այրեսի Մայր տաճարի մոտ, տեղափոխվել է նրա թանգարան, հաղորդում է France-Presse գործակալությունը: Արգենտինյան մամուլի տվյալներով՝ անձամբ պապն ինքն է պահանջել «անմիջապես հանել» արձանը: Ֆրանցիսկոսը, որ մինչև Հռոմի պապ ընտրվելը՝ Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոսն էր, պարզաբանել է, որ ինքը դեմ է «առանձին անձանց պաշտամունքին», հաղորդում է The Daily Telegraph-ը: Արձանը տեղափոխվել է Ֆրանցիսկոսին նվիրված թանգարան, որը պետք է բացվի մի քանի շաբաթից: Այնտեղ կցուցադրվեն Ֆրանցիսկոսի արգենտինյան սպասավորության շրջանի անձնական իրերը: Ըստ որոշ տեղեկությունների՝ թանգարան ստեղծելու գաղափարը նույնպես պապին դուր չի եկել:

Ֆրանցիսկոսը բազմիցս հոգևորականներին կոչ է արել համեստ լինել: Մասնավորապես՝ նա պահանջել է, որ հոգևորականները հրաժարվեն թանկարժեք ավտոմեքենաներից: Հետևելով պապի կոչին՝ Կոլումբիայում մի քահանա հայտարարել է, որ կվաճառի եղբայրներից նվեր ստացած  Mercedes Benz E200-ը, փոխանցում է Associated Press գործակալությունը:

2013 թ. մարտից զբաղեցնելով Հռոմի պապի գահը՝ Ֆրանցիսկոսը, որ առաջին պապն է՝ ընտրված Լատինական Ամերիկայից, բազմիցս դրսևորել է անձնական համեստություն: Այսպես, նա հրաժարվել է պապական գահից և խնդրել այն փոխարինել սովորական բազկաթոռով:Հռոմից դուրս ուղևորություններ կատարելիս նա օգտագործում է ոչ թե ավանդական «պապամոբիլը», որը պաշտպանում է փամփուշտներից, այլ բաց ավտոմեքենա, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘742 հազար դրամ՝ ծաղկային ձևավորման համար’
Հաջորդ հոդվածը‘Լյուքսեմբուրգ. Յունկերի սկանդալային հրաժարականը’