‘Հռոմի պապը կոչ է արել պահպանել զինադադարը Ուկրաինայում’

965

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ուրբաթ, կրկին կոչով դիմել է Ուկրաինայում հակամարտության բոլոր մասնակիցներին՝ պահպանել կրակի դադարեցման ռեժիմը եւ կատարել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները: 

Վատիկանի Առաքելական պալատում Ֆրանցիսկոսը ընդունել է Ուկրաինական հունա-կաթոլիկ եկեղեցու, ինքնակառավարվող Մուկաչեւյան հունա-կաթոլիկ թեմի եւ լատինական ծեսի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսներին: Վատիկան ժամանած, Ուկրաինայում գործող տարբեր կաթոլիկ եկեղեցիներին դիմելով պոնտիֆիկը անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ այդ երկիրը արդեն մի քանի ամիս ընդգրկված է «սուր հակամարտությամբ, ինչը շարունակում է բազմաթիվ անմեղ զոհեր եւ ողջ ժողովրդին հսկայական տառապանքներ պատճառել»:

Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ շարունակում է աղոթել զոհվածների համար եւ խնդրում է առ Աստված՝ խաղաղություն պարգեւել Ուկրաինային: «Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ եմ անում կատարել ընդհանուր համաձայնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ պահպանել միջազգային օրինականության սկզբունքը: Մասնավորապես, պետք է պահպանվի վերջերս ստորագրված զինադադարը եւ պետք է կատարվեն մնացած բոլոր պարտավորությունները, որոնք պայման են հանդիսանում ռազմական գործողությունների վերսկսելը կանխելու համար»,- ընդգծել է Հռոմեական-կաթոլիկ եկեղեցու առաջնորդը:

Պապը նշել է, որ Ուկրաինայում խորը ճգնաժամի առաջացումը պայմանավորված էր տնտեսական ազատության թյուրըմբռնմամբ, ինչի արդյունքը եղավ՝ անձերի նեղ խմբերի կազմավորումը, որոնք, ի տարբերություն քաղաքացիների մեծամասնության, անսահման հարստացան: Այս կապակցությամբ պոնտիֆիկը եպիսկոպոսներին կոչ է արել նախեւառաջ, «ընտանիքների, աղքատնեերի, գործազուրկների, թույլերի, հիվանդների, տարեց թոշակառուների, հաշմանդամների, անօթեւանների պաշտպանները լինել»:

Ֆրանցիսկոսը նաեւ կոչ է արել Ուկրաինայի բոլոր կաթոլիկներին միասնական լինել, ցույց տալով, որ
տեղյակ է հավատացյալների բաժանման բարդ պատմական պատճառների գոյության մասին:

Նախորդ հոդվածը‘Սոմալիում ահաբեկիչները գրոհել են նախարարներով եւ պատգամավորներով լի հյուրանոցը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի Գլխավոր շտաբ. 110 ուժայիններ գերի են ընկել Դեբալցեւոյի շրջանում ‘