‘Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում կրկին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)’

965

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վերահաստատել է ավելի վաղ արված իր հայտարարությունը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով Ասպարեզ պարբերականը, Պապը Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն է որակել երկուշաբթի օրը Վատիկանում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս, պատրիարք Ներսես Պետրոս XIX գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Նշվում է, որ երբ պատվիրակներից մեկն ասել է, որ ինքը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներից է, Ֆրանցիսկոս պապը պատասխանել է. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերինն էր»: Այս կերպ Պապը կրկնել է իր ավելի վաղ` դեռևս կարդինալ եղած ժամանակ Բուենոս Այրեսում արած հայտարարությունը:

Յոթ տարի առաջ Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 91-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումների ժամանակ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգալիոն կոչ էր արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես «Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի և համայն մարդկության նկատմամբ իրականացված ամենադաժան հանցագործություն»:

Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն, դոկտոր Ալֆոնսո Տաբակյանը հատկապես կարևորել է այս հայտարարությունը` նշելով, որ այն «վերպետական կամ վերկրոնական նշանակություն ունի»:

«Հռոմի պապի` Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանություն, վերահաստատում է Հովհաննես Պողոս II-ի հայտարարությունները` արված 2001 թվականին սեպտեմբերի 25-ին Հայաստան կատարած այցի ժամանակ` վկայելով, որ ավելի ու ավելի շատ երկրներ, խորհրդարաններ և միջազգային կազմակերպություններ են որդեգրում դիրքորոշումը ընդդեմ թուրքական պետության կողմից իրականացված պատմության մերժման»,- ավելացրել է Տաբակյանը:

Այցի ընթացքում Ներսես Պետրոս XIX-ը Հռոմի պապին է նվիրել Հիսուս Քրիստոսի խաչելությունը պատկերող կտավ:

Նախորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկի. Կրիշտիանու Ռոնալդուն շատ խորամանկն է’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ խոսնակը կոչ է անում դադարեցնել «ոչ բարոյական» նկարահանումները’