Հռչակագիր. արժանապատվության տեքստը. Ալիք Մեդիա

816

Ուզում էի հոդված գրել այսօրվա մասին։ Բացեցի Հռչակագրի տեքստն ու եւս մեկ անգամ կարդացի։ Ամեն անգամվա պես մտածեցի՝ նման շրջադարձ մեր պատմության մեջ երբեւէ չի եղել։

Չի եղել, որ մենք կենաց ասելու, հայրենասիրություն ասմունքելու, դառը բախտ ողբալու, մեզ անմեղ, բոլորին չար ու չկամ հռչակելու փոխարեն նստեինք ու տեքստ գրեինք։

Գրեինք՝ ինչ ենք ուզում։

Գրեինք՝ ուր ենք գնում։

Գրեինք՝ ուր կարող ենք հասնել։

Եվ չի եղել, որ մեր ուզածը ստացված լիներ, մեր ճամփան բաց լիներ, մեր նշանակետն այդչափ տեսանելի ու մոտ լիներ։

Այս տեքստում գրված ամեն ինչն իրականություն է դարձել։ Հիմա մի խելոք կասի՝ բա 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշո՞ւմը, բա միացո՞ւմը։

Այս տեքստն ընդունելուց չորս տարի անց միացումը եղած-պրծած էր։ Եվս երեք տարի՝ դառնալու էր փաստաթղթավորված։ Բայց դա պետք է լիներ նույն միահամուռ կամքով, որով հասել էինք տեքստ գրելու օրվան։

1990 թվականի օգոստոսի 23-ին հրապարակը թնդում էր «Անկախությո՜ւն, անկախությո՜ւն» բացականչություններից։ Ութ տարի անց նույն հրապարակում մի քաղաքացի ռուս լրագրողին հարցազրույց էր տալիս, թե Լեւոնն ասել է՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ», իսկ հիմա հողերն է հանձնում։

Մեր համախառն մտակերտվածքը, որ հունցված է «Մահ կամ ազատություն» ալյուրով, չէր կարող ընկալել «վերջը» առանց ընկնող վերջին զինվորի, չէր կարող ընկալել, որ «հաղթում է զուսպը, ինքնավստահը», չէր կարող ընկալել, որ որոշման տառ «միացում»-ի փոխարեն կարելի էր ստեղծել «միացում»-ի իրական նախադրյալ։

Նույնիսկ այս չընկալման եւ դրա աղետալի հետեւանքների պայմաններում բարեբախտություն է, որ տեքստը կա։ Տեքստ, որի կետերով կարելի է համրել մեր արժանապատվությունը։

Շնորհավոր Հռչակագրի օրը։

Տիգրան Պասկեւիչյան

aliqmedia.am

Նախորդ հոդվածըԱրամ Մանուկյան. Անկախության հռչակագիրը մեր սերնդի հավաքական արժանապատվության վկայականն է
Հաջորդ հոդվածըԿեյլոր Նավասը ՊՍԺ-ից կտեղափոխվի «Նապոլի»