Հրաբխի ժայթքումն զգացվել է ողջ տարածաշրջանում

385

Խաղաղ օվկիանոսում հսկայական ստորջրյա հրաբխի ժայթքումից հետո ցունամիի վտանգի մասին նախազգուշացրել են տարածաշրջանի երկրներից շատերի իշխանությունները՝ Ավստրալիայից մինչև Միացյալ Նահանգներ։

Թեպետ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, սակայն ժայթքումն այնքան հզոր է եղել, որ երկրակեղևի ցնցումներ են զգացվել հրաբխից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա, իսկ դրա հետևանքով մթնոլորտային ճնշման տատանումներ արձանագրվել են նույնիսկ Երկրագնդի հակառակ կողմում։

Հրաբխի ժայթքման արդյունքում մեկ մետր բարձրությամբ ալիքները հարվածել են Տոնգա կղզի պետության առափնյակին, որի մոտ է գտնվում Հունգա-Տոնգա-Հունգա-Հապպայ հրաբուխը։ Կղզու բնակիչների պատմելով՝ նրանց ոտքերի տակ հողը ցնցվել է մի քանի րոպե շարունակ, և այնպիսի դղրդյուն է լսվել, կարծես կայծակ որոտար։

Ճապոնիայում, որի առափնյակը նույնպես 1,2 մետր բարձրության ալիքների գրոհի է ենթարկվել, ինչպես նաև ԱՄՆ-ում, բնակիչներին խորհուրդ են տվել չմոտենալ ափին։

Ժայթքումից մեկ օր անց հայտարարվել է, որ ցունամիի վտանգն անցել է։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է փորձարկել
Հաջորդ հոդվածըՍերբիան փոխում է սահմանադրությունը