‘Հրայր Թովմասյանի տեղադրած ռումբը ՀՀ 4-րդ նախագահի լեգիտիմության տակ’

37872

Միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետ, փաստաբան Վահե Գրիգորյանի երեկվա հրապարակումից պարզվում է Հայաստանի պետականությունը վտանգի տակ դնող մի ահավոր սահմանադրական ճգնաժամ:

2015թ. փոփոխություններով սահմանադրության դրույթներից մեկի համաձայն, ՀՀ նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից, սակայն այդ դրույթը, ըստ նույն սահմանադրության մեկ այլ հոդվածի, ուժի մեջ է մտնում նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման պահից: Այսինքն` մարտի 2-ին ՀՀ նախագահն ընտրվելու է օրենքով սահմանված մի կարգով, որն ուժի մեջ է մտնելու 40 օր հետո: Ինքնըստինքյան հասկանալի է, որ մինչ այս դրույթի` ուժի մեջ մտնելը գործում է 2005թ. փոփոխություններով սահմանադրությունը, որի համաձայն, հանրապետության նախագահն ընտրվում է համաժողովրդական քվեարկության միջոցով, քանի որ պետությունը չի կարող գործել սահմանադրական վակուումում: 

Հայտնի է, որ 2015թ. փոփոխություններով սահմանադրության հիմնական հեղինակը իրեն կարկառուն (ավելի ճիշտ` կառկառուն) սահմանադրագետ համարող Հրայր Թովմասյանն է: Ըստ այդմ` սահմանադրական վերը ներկայացված փակուղին կարող է ունենալ այդ տխրահռչակ անձնավորության հետ կապված երկու բացատրություն:

1. Կա՛մ դա նրա կողմից նյութված գիտակցված դավ է` ուղղված ապագա վարչապետի և նախագահի, իսկ ավելի ճիշտ՝ հայոց պետականության դեմ.

2.Կա՛մ էլ Թովմասյանի հանցավոր անպատասխանատվության կամ մասնագիտական տգիտության դրսևորում:

Դա նշանակում է, որ առնվազն անմիջապես պետք է քրեական գործ հարուցվի Թովմասյանի դեմ` պետության հեղինակությանն ու կայունությանը հասցրած վնասի մեղադրանքով, մինչդեռ գաղտնիք չէ, որ վարչակազմը մտադիր է այս խայտառակությունից հետո նրան պարգևատրել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնով:

Վարդան Հակոբյան

Նախորդ հոդվածը‘Փհենչհան-2018, բիաթլոն. Անաստասիա Կուզմինան դարձավ ոսկե մեդալակիր’
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Սարգսյան. Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989’