‘Հրայր Թովմասյան. Եթե Հունանյանները հոգեկան խնդիրներ ունեն՝ կբուժվեն’

964

«Բժիշկները հետևում են նաև Նուբարաշենի ՔԿՀ–ում գտնվող, Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկված Նաիրի և Կարեն Հունանյանների առողջական վիճակին: Եթե հոգեկան խնդիրներ ունենան՝ կբուժվեն: Իրենք ինձ համար սովորական շարքային դատապարտյալներ են, ինչպես մյուս 4600-ը: Պատգամավորները, ինչպես նաև ուրիշները չեն կարող ավելի ճիշտ գնահատել դատապարտյալների իրական առողջական վիճակը, քան բժիշկները»: Ilur.am-ի թղթակի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ մեկնաբանելով եղբայրներին այցելած պատգամավորների մտահոգությունները Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող Հունանյան եղբայրների հոգեկան վիճակի մասին:
Գնահատելով մի քանի օր առաջ ԱԺ մի շարք պատգամավորների կողմից այցելությունը Հունանյան եղբայրներին՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խորհուրդ տվեց այցելության դրդապատճառը հարցնել այցելած պատգամավորներին:
«Իրենք, որպես պատգամավոր, օրենքով այցելության իրավունք ունեն, ես չեմ սահմանափակում իրենց այցելության իրավունքը: Չթողնեի՝ պետք է ասեին՝ չթողեց և սահմանափակեց իրավունքը: Իսկ հիմա երբ թողել եմ, հարցնում եք, թե ինչու են գնացել», — ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ինքը չի հանդիպել Նաիրի Հունանյանին և պարտավոր չէ ՀՀ-ում բոլոր դատապարտյալներին այցելել:

Նախորդ հոդվածը‘ՍԴՀԿ ատենապետ. ԲՀԿ-ի հարցով քաղխորհուրդը որոշել էր վստահել Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությանը’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. 2013 թվականի բյուջեն ավելի քիչ է, քան 2012-ինը’