‘Հրայր Թովմասյան. Մինչև եկող տարվա վերջ հնարավոր կլինի ներկայացնել վարչական իրավախախտումների ամբողջովին նոր օրենսգիրք’

1527

Այսօր Ազգային ժողովում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարը սրա անհրաժեշտությունը բացատրեց նրանով, որ այս օրենսգրքում կան մի շարք խնդիրներ, և օրենսգրքի համապարփակ փոփոխությունների անհրաժեշտությունը վաղուց է հասունացել:

«Հաշվի առնելով այս օրենսգրքի առանձնահատկությունները՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այն կարգավորում է առաջին հայացքից շատ միասեռ հասարակական հարաբերություններ, բայց, այնուամենայնիվ, կարգավորման ոլորտները բավականին տարբեր են, և սրանով է պայմանավորված, որ թե՛ պատգամավորների կողմից, թե՛ կառավարության կողմից եղել են փոփոխություններ: Պիտի նշեմ, որ երկու շաբաթ առաջ կառավարությունը հաստատել է նոր օրենսգրքի հայեցակարգը, և դրա հիման վրա մինչև եկող տարվա վերջ հնարավոր կլինի ձեր դատին ներկայացնել վարչական իրավախախտումների ամբողջովին նոր օրենսգիրք»,- ասաց Թովմասյանը:

Նրա խոսքով՝ այսօր գործող վարչական իրավախատումների մասին օրենսգրքում տեղ են գտել Խորհրդային Միության ժամանակներից մնացած մի շարք դրույթներ, որոնք այսօրվա Սահմանադրության հետ որևէ առնչություն չունեն:

«Միջազգային փորձը վկայում է այն մասին, որ համայնքների կողմից սահմանված կանոնների համար պատասխանատվությունը սահմանվում է հենց համայնքային մարմինների կողմից: Բայց հաշվի առնելով Սահմանադրության այն դրույթը, որ պատասխանատվություն սահմանող դրույթները բացառապես պետք է սահմանվեն օրենքով, ուստի այս նորմերի խախտման համար ևս անհրաժեշտ է եղել օրենքով այդ պատասխանատվությունը սահմանել»,- նշեց Հրայր Թովմասյանը:

Ըստ նախարարի՝ այս փոփոխությունները կատարելու անհրաժեշտությունն առաջացավ նաև այն պատճաառով, որ կային վարչական պատասխանատվություն կիրառող այնպիսի մարմիններ, որոնք արդեն վաղուց գոյություն չունեն, ուստի դրանք հանվում են:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն առաջարկեց օրենսգրքից հանել բոլոր այն դրույթները, որոնք հղում են կատարում Խորհրդային Միության ժամանակ գործող օրենսգրքին:

Նախորդ հոդվածը‘Հայտնի են Curiosity-ի միջոցով ստացված Մարսի հիմնահողի և ջրի քննության արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Դոմինիկյան Հանրապետությունում հեռուստահաղորդավարը հրկիզել է հայտնի իլյուզիոնիստին (տեսանյութ)’