‘Հրայր Թովմասյան. 2014-ին յուրաքանչյուր կալանավորի համար նախատեսված է օրական 4000 դրամ’

1096

Ազգային ժողովում 2014թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց ուղղեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` թե նախորդ տարվա համեմատ յուրաքանչյուր կալանավորի համար որքա՞ն ծախս է նախատեսված պետբյուջեով:

Ի պատասխան, Թովմասյանը նշեց, որ կալանավորների համար հատկացված գումարի չափը չի փոխվել` 4000 դրամ։ «Իհարկե խոշորացված, բայց դրա մեջ են բոլոր ծախսերը՝ սնունդ, սպասարկում, շենքի պահպանություն»,-նշեց նա։

Նախարարը նաև հայտարարեց, թե այս պահին նաեւ վերջին համաներման շնորհիվ կալանավայրերում գերբեռնվածության խնդիր չկա։ «4290 մահճակալ ունենք, 4100-ի շրջանակներում է կալանավորների թիվը»,-ասաց նա։

Ըստ Հրայր Թովմասյանի, օպտիմալացման արդյունքում ՔԿՀ-ների թիվը 13-ից կդառնա 5, դրանք կունենան բոլոր ռեժիմները և ամբողջ ծավալով կապահովեն անհրաժեշտ ծառայությունները։

Դա էլ, նախարարի խոսքով, հնարավորություն կտա 1,5 մլրդ դրամ խնայել 25-30 տոկոսով կրճատված հաստիքների հաշվին:

Հիշեցնենք, iLur.am-ի ուսումնասիրության համաձայն, միայն կալանավորների սնունդի վրա հայաստանյան ՔԿՀ-ներ բավական խոշոր գումար են «խնայում»:  

Նախորդ հոդվածը‘Երեւանի ամենաղտոտված շրջանը Արաբկիրն է’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’