‘Հրանուշ Խառատյանի ներկայացուցիչը կասկածի տակ է առել Ռուբեն Հայրապետյանի ստորագրության իսկությունը’

967

Նիստի հենց սկզբում իմ լիազոր ներկայացուցիչը միջնորդեց, որ Ռուբեն Հայրապետյանի կողմից լիազորագիր ստացած չորս փաստաբաններին տրված լիազորագրի տակ Ռուբեն Հայրապետյանի ստորագրության իսկությունը վավերացվի: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ, «Վահե Ավետյան» հասարակական շարժման ներկայացուցիչ Հրանուշ Խառատյանը: Այսպիսով, դատական նիստը հետաձգվել է: 

Նշենք, որ այսօր Երևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր այս գործով նախնական դատական նիստ: Խառատյանը դատարանից խնդրում է Ռուբեն Հայրապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից՝ վիրավորական արտահայտությունների համար, եւ հերքել իր բարի համբավը, պատիվը, արժանապատվությունը,  գործարար համբավն արատավորող տեղեկությունները: 

«Հայրապետյանը չորս փաստաբանների լիազորել է իր շահերը ներկայացնել դատարանում, բայց այդ լիազորագրի տակ դրված՝ Հայրապետյանի ստորագրությունը հաստատված չէր նոտարով»,- նշեց Խառատյանը: 

Մեր այն հարցին, թե հույս ունի՞, որ Ռուբեն Հայրապետյանը ներողություն կխնդրի, ազգագրագետն ասաց՝ հույս ունի, որ դատարանն այդպիսի որոշում կկայացնի: Ըստ Խառատյանի՝ այս պարագայում խնդիրն այնքան հստակ է, որ դատարանն այլ որոշում կայացնել չի կարող: 

Ավելի վաղ Խառատյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը միշտ տագնապի ու վտանգի զգացողություն ունի, քանի որ չի կարող ասել՝ Ռուբեն Հայրապետյանի կողմից պատժիչ որակված գործողություններն ինչ դրսևորումներ են ստանում: 

Նախորդ հոդվածը‘Բաքուն բողոքի նոտա է հղել Ավստրալիային՝ Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու կապակցությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրք փորձագետ. Ստեփանակերտի օդանավակայանի բացումը ԼՂՀ ճանաչման վկայություն չէ ‘